- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Փետրվար 11, 2019 | 15:54
Կրթություն
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
«Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրման համար հունվարին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 35 դասախոսներ մասնակցել են վերապատրասման դասընթացների:
Դեռևս 2018-19 ուստարվա առաջին կիսամյակում «Moodle»առցանց դասավանդման ծրագիրը ներդրվել էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի բակալավրի առկա և հեռակա ուսուցման 2-րդ կուրսերում և Միջազգային հարաբերություններ ու Հանրային կառավարում բաժինների մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում:
«Moodle»-ն ուսումնառության ժամանակակից միջոց է, որի նպատակը դասախոսների և ուսանողների համատեղ առցանց աշխատանքն է: Այս համակարգի օգնությամբ հարթակ մուտք գործող ուսանողն ամբողջական տեղեկատվություն է ստանում դասընթացի ընդհանուր նկարագրի մասին, տեղեկանում է առաջադրանքների կատարման համար սահմանված ժամկետներին, այն աղբյուրներին, որոնք անհրաժեշտ են տվյալ թեման յուրացնելու համար:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը փաստեց, որ համակարգի ներդրման համար հիմք է հանդիսացել ԵՊՀ զարգացման ռազմավարության 1.4 կետը, ինչպես նաև ֆակուլտետի 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի (իրականացման ժամանակացույց-պլանի) 1.4-ի կետը. «Այն է՝ ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը կրթական գործընթացում»:
«Ֆակուլտետի առաջնահերթություններից է համարվում առցանց ուսուցման տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացների մեջ: Այն հնարավորություն է տալիս ուսանողներին տեղեկատվությունն առավել դյուրին ընկալելու, և միևնույն ժամանակ թույլ է տալիս ուսանող-դասախոս կապը պահելու ոչ միայն լսարանում, այլև՝ դրանից դուրս»,- փաստեց ֆակուլտետի դեկանը:
Պարոն Պետրոսյանի հավաստմամբ, ֆակուլտետում նպատակ ունեն առաջիկայում ծրագիրն ամբողջությամբ ներդնել ուսումնական գործընթացների մեջ:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, ֆակուլտետում «Moodle» ծրագրի համակարգող Ժակ Մանուկյանն ասաց, որ նախորդ կիսամյակի ավարտին անցկացված հարցումների և իրականացված վերլուծությունների արդյունքներով ֆակուլտետում որոշել են ընդլայնել դասընթացների այն ցանկը, որոնք իրականացվում են «Moodle» ծրագրի օգնությամբ:
«Անցած կիսամյակում «Moodle» ծրագրի ներդրումը դրական է ընդունվել և, դատելով ուսանողների արձագանքներից, բավականին արդյունավետ է եղել: Շուրջ 35 դասախոս այս պահի դրությամբ մասնակցել է վերապատրաստման դասընթացներին: Ակնկալվում է, որ երկրորդ կիսամյակում նրանց կողմից դասավանդվող առարկաները կազմակերպվելու են «Moodle» համակարգի միջոցով: Մեզ համար կարևոր է այն, որ վերապատրաստված դասախոսների մեծ մասը դասավանդում են օտար լեզուներ: Արդյունքները կամփոփենք մայիսին, բայց այն, որ և՛ դասախոսները, և՛ ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, ոգևորիչ է»:
Դեկանի տեղակալի հավաստմամբ, «Moodle» ծրագրի կիրառումը նպաստում է կրթության մատուցման արդյունավետության բարձրացմանը. «Ծրագրի շնորհիվ՝ մենք կարողանում ենք քննությունն անցկացնել էլեկտրոնային եղանակով, որը գնահատման ժամանակ միանշանակորեն ապահովում է օբյեկտիվություն»:
Վերապատրասման դասընթացները կազմակերպվել են ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության դասախոսների որակավորման բարձրացման բաժնի կողմից, որոնք իրականացվել են ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում: Վերապատրասման դասընթացներն անցկացրել է կենտրոնի Ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Արթուր Ավագյանը:
Մեզ հետ զրույցում Արթուր Ավագյանն ասաց, որ այս հարթակի կիրառումն առաջադիմական ու կարևոր քայլ է. «Այն լիարժեք իրականացնելու համար պետք է հաղթահարել բոլոր խոչընդոտները, քանի որ մեր ժամանակներում առանց կրթական նոր տեխնոլոգիաների հնարավոր չէ առաջ գնալ: Առավել ևս, որ մեզ առաջիկայում նոր ծրագրեր են սպասվում, որոնց իրականացումն անհնար կլինի առանց «Moodle»-ի»:
Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանն ասաց, որ ծրագրի միջոցով հեշտացվում են ուսանողների և դասախոսների աշխատանքները. «Ուսանող-դասախոս կենտրոնացված կապի շնորհիվ՝ հարթակում ուսանողները հնարավորություն են ունենում հարցեր առաջադրելու և ստանալու դրանց պատասխանները: Օբյեկտիվ է դառնում քննության անցկացումը, ուսանողները տեղում ծանոթանում են արդյունքներին: Իսկ քննադատությունները, թե քննության անցկացման այս մեթոդը ճիշտ չի գնահատում ուսանողների գիտելիքը, կարծում եմ, սխալ են, քանի որ լավ մշակված հարցաշարը լիովին արտացոլում է ստացած գիտելիքը»:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի թուրքերենի դասախոս Արաքս Մանուչարյանի հավաստմամբ, «Moodle» ծրագիրն էականորեն բարձրացնում է ուսումնական ընթացքի կիրառական բաղադրիչի արդյունավետությունը. «Ուսանողների համար ծրագիրն արդյունավետ է. այն յուրօրինակ պաշար է կիսամյակի ընթացքում անցած բոլոր նյութերի համար, բացի դրանից՝ առավել դյուրին է դարձնում քննական օրվան պատրաստվելու գործընթացը»:
Արաքս Մանուչարյանն ասաց, որ ծրագիրն արդյունավետ է նաև դասախոսների համար, քանի որ առավել հարմարավետ է դարձնում դասընթացի անցկացումը՝ ելնելով նրանից, որ բարձրանում է ուսանող-դասախոս փոխհամագործակցության հարմարավետությունը. «Մեզնից յուրաքանչյուրը հստակ պատկերացնում է, թե ինչ է արվել նախորդ դասին, ինչ է լինելու հաջորդին, ինչ կից նյութեր ունենք գիտելիքներն ընդլայնելու համար և մնացյալ բոլոր այլ մանրամասները»։
Խոսելով հեռանկարային ծրագրերի մասին՝ Ժակ Մանուկյանն ասաց, որ սեպտեմբերից ծրագրի միջոցով ուսանողներին հնարավորություն կտրվի ընտրելու կուրսային և ավարտական աշխատանքների թեմաները՝ ծանոթանալով դրանց առանձնահատկություններին և խնդիրներին:
Քնար Միսակյան