- Գլխավոր
- Նորություններ
- ԴԱՏԱԽԱՂԸ՝ ՈՐՊԵՍ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ԱՅԼԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունիս 14, 2019 | 15:17
Կրթություն
ԴԱՏԱԽԱՂԸ՝ ՈՐՊԵՍ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ԱՅԼԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի է ունեցել դատախաղ՝ փաստի հարցերով դատարանի կողմից քննվող հիպոթետիկ գործով:
Դատախաղը կազմակերպվել էր Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս Դավիթ Խաչատուրյանի կողմից կազմված և դասավանդվող «Իրավաբանի մասնագիտական հմտություններ» առարկայի շրջանակում՝ որպես եզրափակիչ քննություն:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Խաչատուրյանը, դատախաղն ուսանողներին հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության պաշտպանության և մեղադրանքի կողմերի իրավաբան մասնակիցներ և վկաներ, ինչպես նաև կիրառելու իրենց հմտությունները:
«Դատախաղի շնորհիվ պարզ է դառնում, թե ինչպես են ուսանողները ձևակերպում իրենց դիրքորոշումը՝ հաշվի առնելով օրենքի պահանջները, ինչպես են կիրառում փաստարկման և հակափաստարկման հմտությունները, այդ թվում՝ սեփական դիրքորոշումը դիմացինի դիրքորոշումը դարձնելու տեխնիկան, որդեգրված դիրքորոշման համար բարենպաստ և ոչ բարենպաստ վկաների հարցաքննությունն ինչպես են անցկացնում և ինչպես են առաջ քաշում դատարանին ներկայացվող կողմի պահանջները և այլն»,- պարզաբանեց Դավիթ Խաչատուրյանը:
Նրա փոխանցմամբ, այս քննությանը պատրաստվելիս ուսանողները նախապես խմբային աշխատանք են տանում՝ միմյանց միջև բաժանելով դերերը, հստակեցնելով որդեգրված դիրքորոշումը, պատրաստելով հարցեր իրենց թիմի համար բարենպաստ և հակառակ կողմի վկաների համար, փորձելով կանխատեսել հակառակ կողմի հարցերը, ինչպես նաև պատրաստելով բացման խոսքերը և դատական ճառերը և այլն:
«Յուրաքանչյուր ուսանող գնահատվում է թիմային աշխատանքի համախմբվածությանը, թիմային դիրքորոշման ամբողջականությանը և հետևողականությանը նպաստելու, անհատապես իր դերը պատրաստելու և դատական նիստի ընթացքում արհեստավարժ ներկայանալու համար: Առավել գնահատելի են ուսանողների կողմից տրվող այն հարցերը, պատասխանները, բերվող փաստարկներն ու հակափաստարկները, որոնք պատրաստելու համար նախապես ժամանակ չի եղել, և որոնցով հանդես գալու անհրաժեշտությունը պայմանավորված է հենց դատական նիստի ընթացքում հակառակ կողմի դրսևորած վարքագծով»,- մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Խաչատուրյանը:
Դատախաղը կառուցված է եղել իրական սցենարի հիման վրա, որում ներառվել են բազմաթիվ այնպիսի մտացածին փաստեր, որոնք ճիշտ օգտագործվելու դեպքում կարող էին հաջողություն բերել կողմերից յուրաքանչյուրին:
«Դատախաղի ամբողջ ընթացքում ուսանողները գործնականորեն տեսնում են, թե ինչու են կարևոր փաստերը՝ որպես իրավունքի կիրառման օբյեկտ, ինչպես պետք է հասնեն նրան, որ գործով իրենց թիմի դիրքորոշումը, որի մասին հայտնում են բացման խոսքում, հաստատվի գործով առկա ապացույցներով, որոնց պատշաճ և օրենքի շրջանակում ներկայացնելը գտնվում է իրենց մասնագիտական իրավասության ներքո»,- փաստեց Դավիթ Խաչատուրյանը:
Նրա հավաստմամբ, քննական այս մեթոդը շատ արդյունավետ է, քանի որ ստուգվում են ոչ միայն ուսանողների տեսական գիտելիքները, այլև գործնական հմտությունները:
Պատրաստեց Քնար Միսակյանը