- Գլխավոր
- Նորություններ
- «ՏԱՏՍ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ԿԱԹԻ ՍԵՐ ՈՒ ՔԱՄԱԾ ՄԱԾՈՒՆ ԷՐ ՊԱՀՈՒՄ». ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հուլիս 27, 2018 | 15:57
Հասարակություն
«ՏԱՏՍ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ԿԱԹԻ ՍԵՐ ՈՒ ՔԱՄԱԾ ՄԱԾՈՒՆ ԷՐ ՊԱՀՈՒՄ». ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիացմունքով և անասելի հպարտությամբ է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը պատմում իր արմատների մասին և նշում, որ հոր նախնիները Բիթլիսի նահանգի Խլաթի գավառի Ծղակ գյուղից են. «Վանա լճի ափին գտնվող չնաշխարհիկ այդ գյուղում, համոզված եմ, դեռ կանգուն է իմ պապենական տունը»:
Մարտիրոսյանը պատմում է, որ իրեն հաջողվել է որոնել ու գտնել ամենահեռավոր նախնուն՝ Ղևոնդին: «Նրա որդին Մուրադն է, իսկ Մուրադի որդին` Մարտիրոսը, իմ Բագրատ պապի պապն էր: Մարտիրոսի մասին ՀՀ ազգային արխիվում պահվող փաստաթղթերից քաղված հետաքրքիր տեղեկություններ կան պրոֆեսոր Վազգեն Պողոսյանի հեղինակած «Գեղհովիտ» ստվարածավալ և մեծարժեք գրքում, որից օգտվել եմ մեր տոհմածառը կազմելիս»,- ասում է նա:
Դեկանը տեղեկացնում է, որ Մարտիրոսի թոռները նախընտրել են ներկայանալ Մարտիրոսյան ազգանվամբ. «Ահա, 1835 թվականին Մարտիրոսն իր միակ եղբոր` Վարդանի հետ Ծղակից ստիպված է եղել Արևելյան Հայաստան տեղափոխվել և բնակություն է հաստատել Սևանի ավազանի այն գյուղում, որն այժմ կոչվում է Գեղհովիտ, իսկ նախկինում՝ Կնձուտ:
Մարտիրոսի կինը` Զմրուխտը, ամուսնուն վեց որդի է պարգևել: Բոլորն էլ կրել են Մուրադյան ազգանունը` ի պատիվ իրենց Մուրադ պապի, իսկ Մարտիրոսի թոռները նախընտրել են ներկայանալ իրենց պապի անվամբ` Մարտիրոսյան»:
Դեկանը կարծում է, որ Մարտիրոսյաններին բնորոշ է հուզականությունը, որը ժառանգել է նաև նա. «Նախնիներիցս գենետիկորեն ժառանգել եմ սերը հողի ու ջրի, ծառ ու ծաղկի, այն ամենի հանդեպ, ինչ կոչվում է բնություն»:
Նաղաշ Մարտիրոսյանն անհուն ջերմությամբ է պատմում Բալասան տատի և Բագրատ պապի մասին, վերջինիս անունը կրում է իր որդին: Նա նշում է, որ 1930-ականների բռնաճնշումների զոհ է դառձել պապը. «Շինծու մեղադրանքով ձերբակալվում է նաև պապս և տեղափոխվում Սևանի բանտ»:
Դեկանը ցավով հավելում է, որ պապն այդպես էլ չի վերադարձել և հինգ որդիներն ու միակ դուստրը ճաշակել են որբության բոլոր դժվարությունները. «Պապս խոստացել է զավակներին, որ անպայման կվերադառնա, որովհետև ըստ նրա՝ արդարությունը հիվանդացել, բայց չի մեռել, սակայն նրա խոստումն այդպես էլ խոստում է մնացել:
Հայրս պատմում է՝ մայրն ամեն ինչ արել է, անասելի տառապանքների միջով անցել, որ զավակներին արժանավոր ու արժանապատիվ մարդ մեծացնի, ինչպես խոստացել էր ամուսնուն»:
Դեկանը հիշում է, որ դպրոցական արձակուրդները միշտ անցկացնում էր Գեղհովիտում և ավելի շատ սարերում՝ տատի մոտ. «Բալասան տատս թոռների համար խենթանում էր, բայց բոլորը համոզված էին, որ ինձ առավել է սիրում: Տատս ինձ համար միշտ կաթի սեր ու քամած մածուն ուներ, հատուկ ինձ համար պահած: Իսկ խնոցու կարագով սարքած ձվածեղն ի~նչ համով էր»,- հիացմունքով պատմում է նա:
Նաղաշ Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ծնողները Գեղհովիտից Էջմիածնի շրջանի Դաշտ գյուղ են տեղափոխվել 1960-ականների կեսերին. «Իմ մանկության ու պատանեկության հուշերը այս երկու գյուղերի հետ են կապված»:
Դեկանը պատմում է, որ գյուղատնտեսությունը հոր տարերքն է. «Հիմա էլ պահը չի կորցնում, եթե տնամերձ այգու ծառ ու թուփը խնամելու, պատվաստ անելու, սիզախոտը հեռացնելու, խոտ հնձելու առիթներ կան: Ծնողներս ինձ, երկու եղբայրներիս ու քրոջս միշտ հեռու են պահել գյուղական առօրյայի մեծ ու փոքր հոգսերից. «Ծնողներս մեզ հորդորում էին՝ դուք միայն սովորեք, կրթություն ստացեք, մենք այդ հնարավորությունը չունեցանք»,- պատմում է նա:
Մարտիրոսյանը պատմում է, որ ազգակիցների խոսքով, ինքը հորից ժառանգել է պերճախոսությունը, մարդկանց անպայման օգտակար լինելու և արածի համար ակնկալիք չունենալու, ինչպես նաև դիմացինի հոգսերով ապրելու բնավորությունը, իսկ մորից՝ համբերատարությունը, արդարամտությունը, մարդու մեջ դրականի կամ բացասականի գրեթե անսխալ զգացողությունը, ամեն ինչ հիշելու ունակությունը: «Թեև բաներ կան, որ պետք է շուտ մոռանաս»,- հավելում է նա::
Մարտիրոսյանը ցավով նշում է, որ արժեհամակարգային անխուսափելի փոխակերպումներն իրենց դրական և բացասական ազդեցությունն են թողել նաև գյուղաշխարհի նկարագրի վրա. «Իմ մանկության տարիների գյուղն իր նիստ ու կացով, կենցաղով, մարդկային հարաբերությունների բացառիկ ջերմությամբ այլևս անդառնալի անցյալ է»:
Դեկանը պատմում է, որ մինչև դպրոց գնալը գրել և կարդալ է իմացել: «4 կամ 5 տարեկանից անգիր գիտեի Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Շիրազի, Սևակի ստեղծագործություններից հատվածներ: Մերոնք պատմում էին, որ այդ տարիքում արդեն «սիրահարվել» էի և հաստատ որոշել էի ամուսնանալ, թեև որոշումս տասնամյակներ անց իրականացրի, երբ 33 տարեկան էի և սիրահարվել էի հիմնովին ու վերջնականապես»:
Դեկանը հիշում է, որ երբ սովորում էր ռուսերենի այբուբենը, զավեշտալի մի դեպք է տեղի ունեցել. «Ռուսերենիս ուսուցչուհին ասաց, որ այբբենարանի տառերն ավելի քիչ են, քան հայերենինը, որոշ տառեր էլ ռուսերենում չկան: Շատ մտահոգվեցի: Որոշեցի՝ ինչ էլ որ լինի, ռուսերեն նոր տառեր պետք է հորինեմ, հետո լսել էի, որ Մաշտոցը վրացիների և աղվանների համար ստեղծել է, իսկ ես ինչո՞վ եմ պակաս»,- ասում է նա ու ծիծաղով հավելում»,- մինչև հիմա չեմ մոռանում ծնողներիս՝ ծիծաղից արցունքակալած աչքերը և նուրբ ակնարկը՝ պետք լիներ, իրենք վաղուց հորինել էին, քեզ համար ուրիշ գործ գտիր»:
Մարտիրոսյանի համոզմամբ, ճակատագրական մի դիպված կանխորոշեց իր մասնագիտության ընտրությունը: «Մեծ հորեղբայրս, ով ավարտել էր Գյուղատնտեսական ինստիտուտը և Գեղհովիտի ղեկավարն էր, Գալշոյենց Մուշեղի դասընկերն էր: Մուշեղը նրա ժուռնալիստ ընկերն էր, նա ինձ միշտ ասում էր, թե գիտես՝ ի՜նչ գրիչ ունի Մուշեղը, որ մեծանաս, անպայման կկարդաս: Հետո պատմեց, որ օրերս մի հարցով գնացել էր Երևան՝ Մուշեղի մոտ, քանի որ Մուշեղը միշտ իր խոսքի տերն է և բոլոր հարցերը լուծում է»,- հիացմունքով պատմում է Մարտիրոսյանը ու հավելում,- Մուշեղ Գալշոյանի լեգենդն ինձ թև տվեց. ես էլ որոշեցի ժուռնալիստ դառնալ»:
Դեկանի համոզմամբ, իր անունը ճակատագիր ունի: «1983 թ.-ին ավարտեցի դպրոցը և դիմեցի ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, իսկ ընդունելության հարցատոմսում՝ Նաղաշ Հովնաթան, Սայաթ-Նովա: Հավաքածս միավորները կիսաանցողիկ էին, չընդունվեցի և ստիպված էի դիմել նաև հաջորդ տարի: Հարցաթերթիկում դարձյալ՝ Նաղաշ Հովնաթան, Սայաթ-Նովա:
1985-ին զորակոչվեցի պարտադիր զինվորական ծառայության: Երբ 1987 թ.-ին զորացրվեցի, Մայր բուհում արդեն բացվել էր ժուռնալիստիկայի բաժինը: Պատահականություննե՞ր են: Ես պատահականությունների չեմ հավատում»,- ամփոփում է իր պատմությունը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը:
Անգին Խաչատրյան