- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ, ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԴԱՍԸՆԹԱՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Դեկտեմբեր 09, 2020 | 14:26
Հասարակություն
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ, ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԴԱՍԸՆԹԱՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն նախաձեռնել և դեկտեմբերի 8-11-ն իրականացնում է «Արցախյան հիմնահարցը և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմը. «Post factum»» խորագրով դասընթացը։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արման Գրիգորյանն ասաց, որ նմանօրինակ ձևաչափով իրականացվող բոլոր միջոցառումների հիմնական նպատակը մասնակիցներին նոր գիտելիք հաղորդելն է, ինչպես նաև մասնագետների վերլուծություններին և մեկնաբանություններին ծանոթանալու, նրանց անձամբ հարցեր ուղղելու հնարավորության ընձեռումն է։
«Վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես Արցախյան նոր պատերազմը բազմաթիվ հարցեր են առաջացրել։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը չէր կարող չարձագանքել տեղի ունեցածին, և մեր կարծիքով, ակադեմիական շրջանակում նմանաբնույթ դասընթաց-քննարկումների կազմակերպումն այս շրջանում ոչ միայն ցանկալի, այլև խիստ անհրաժեշտ է»,- ասաց Արման Գրիգորյանը:
Նրա խոսքով, դասընթացի գաղափարը մեծ արձագանք է ստացել ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ համալսարանների ֆակուլտետների ուսանողների կողմից․ «Վստահ կարող եմ ասել, որ մասնակիցների թիվը գերազանցել է մեր սպասելիքները: Ուսանողներին դահլիճում մեկտեղել են թեմայի արդիականությունը, ակադեմիական և պրակտիկ գործունեության շրջանակում հայտնի մասնագետներին լսելու ցանկությունը, և որն ամենակարևորն է՝ տեղեկատվական այս խառնաշփոթության պայմաններում իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալու ձգտումը»:
Դասընթացի առաջին օրը Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը հանդես է եկել «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակները 1994-2018 թթ.» խորագրով բանախոսությամբ, որը, ըստ Արման Գրիգորյանի, դասընթացի առանցքային դասախոսություններից է, քանի որ յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ օբյեկտիվ եզրահանգման գալու համար պարտադիր պայման է ժամանակահատվածի խորքային ուսումնասիրությունը։
Այնուհետև արաբագետ Սարգիս Գրիգորյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրել է «Վարձկանների ներգրավվածությունը 2020 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմում» խորագրով դասախոսությունը, որը, ՈՒԳԸ նախագահի հավաստմամբ, հնարավորություն է տվել առավել մանրամասնորեն իրազեկված լինելու խնդրին և իրողությանը։
Դասընթացի երկրորդ օրը տեղի են ունենալու «Արցախյան 2020 թ. պատերազմը և Հայաստանի հարևան պետությունների (Վրաստան, Իրան) վարքագիծը» և «Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի դինամիկան և շարունակման տեսլականը» խորագրով բանախոսությունները։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արման Գրիգորյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ իրականացվող դասընթացի արդյունքում ակնկալվում է միասնաբար հետադարձ հայացք գցել իրողությանը, տալ հստակ ու կշռադատված գնահատականներ, այդ ամենի վերլուծության հիման վրա կազմել որոշակի տեսլականներ՝ ստեղծված բարդագույն իրավիճակից դուրս գալու համար․ «Հիմնական նպատակը կարելի է արտահայտել թերևս հայտնի թևավոր խոսքով՝ «Մենք կգտնենք ճանապարհը» («Inveniam viam»)։
Քնար Միսակյան