- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է, ՔԱՆԻ ՈՐ 21-ՐԴ ԴԱՐԸ ՈՉ ԹԵ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ Է, ԱՅԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ. ՆԱԶԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Փետրվար 06, 2019 | 10:48
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է, ՔԱՆԻ ՈՐ 21-ՐԴ ԴԱՐԸ ՈՉ ԹԵ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ Է, ԱՅԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ. ՆԱԶԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ծրագրերի մրցույթում մանկավարժության ոլորտում հաղթել է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ն. Հարությունյանի ներկայացրած «ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի բարձրագույն կրթության համակարգերի համեմատական վերլուծություն» գիտական թեման:
Մեզ հետ զրույցում գիտական թեմայի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն անդրադարձավ գիտական թեմայի արդիականությանը, ինչպես նաև սպասվելիք ծրագրերին:
«Հետաքրքիր է ուսումնասիրել վերոնշյալ երկրների բարձրագույն կրթության համակարգերը և դնել համեմատական վերլուծության մեջ: Համեմատական վերլուծության շնորհիվ երևան են գալիս կառավարման նմանություններն ու տարբերությունները, բացահայտվում է առաջավոր փորձը»,- ասաց թեմայի ղեկավարը:
Այն հարցին, թե ինչ ընդունակություններ են անհրաժեշտ համեմատական վերլուծություն կատարելու համար, Նազիկ Հարությունյանը պատասխանեց. «Առաջինը՝ վերլուծահամադրական մտածողություն, այնուհետև երևույթների խորքային ուսումնասիրություն, նյութի մշակվածություն, հիմնախնդրի խորը և համապարփակ ուսումնասիրություն»:
Պրոֆեսոր Հարությունյանի տեղեկացմամբ, գիտական խմբի գործունեությունը բաժանվել է փուլերի: «Մշակել ենք հետազոտության իրականացման ցուցանիշներ և ցուցիչներ, որոնք հնարավորություն կտան կենտրոնանալու կոնկրետ խնդրին,- նշեց Հարությունյանն ու հավելեց,- առաջինն ուսումնասիրվելու է երկրների օրենսդրական դաշտը, այնուհետև կառավարման համակարգը, դրանց առանձնահատկությունները, ֆինանսավորումը, բովանդակային հատվածները՝ կրթական ծրագրերը, գնահատման և որակավորումների համակարգերը»:
Ուսումնասիրության շրջանակում նախատեսվում են նաև կլոր սեղաններ, սեմինար- քննարկումներ և գործուղումներ, այցելություններ յուրաքանչյուր երկրի լավագույն 6 բուհ և տեղում հանդիպում-քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ:
Թեմայի ուսումնասիրության ավարտին կտպագրվի 8 գիտական հոդված, ինչպես նաև կոլեկտիվ մենագրություն:
Սույն ծրագրի իրականացման համար գիտական խումբը կազմված է 4 անձից: Բացի գիտական թեմայի ղեկավարից՝ ծրագրի թիմում են ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր դոցենտ Ալեքսանդր Գրիգորյանը, Մանկավարժության ամբիոնի դոցենտ Աննա Ալեքսանյանը և ամբիոնի հայցորդ Անի Աբրահամյանը:
«Ուսումնասիրվող թեման պետք է շարունակական լինի: Երկու տարին քիչ ժամանակ է այս հսկայածավալ աշխատանքի համար, բայց ես կարծում եմ, որ մեր աշխատանքը կպսակվի հաջողությամբ»,- հավաստիացրեց Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ն. Հարությունյանը:
Նազիկ Հարությունյանի խոսքով, անհրաժեշտ է ապագայում ստեղծել ԵԱՏՄ երկրների բարձրագույն կրթության միասնական տարածք. «Բարձրագույն կրթության միասնական տարածքի ձևավորումն անհրաժեշտություն է, քանի որ 21-րդ դարը ոչ թե մրցակցության դարաշրջան է, այլ համագործակցության. չէ՞ որ համագործակցությունն է տանում զարգացման, ոչ թե առճակատումը»,- ամփոփեց պրոֆեսորը:
Անգին Խաչատրյան