- Գլխավոր
- Նորություններ
- «ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ՝ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ ՆԵԼԼԻ ՀԱՐՈՅԱՆՆ Է
Նոյեմբեր 01, 2018 | 12:11
Հասարակություն
«ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ՝ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ ՆԵԼԼԻ ՀԱՐՈՅԱՆՆ Է
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարոյանը նախաձեռնել է «Հոգեբանների հետ՝ հոգեբանության մասին» հաղորդումը:
- Ինչպե՞ս ծնվեց հաղորդում սկսելու գաղափարը:
- Տարիներ շարունակ մտածում էի այդ ուղղությամբ: Նայելով այդ ձևաչափի շրջանակում արդեն առկա հաղորդումները՝ միշտ ինձ թվում էր, որ հաճախ շատ հարցեր անպատասխան են մնում: Ես ցանկանում էի ստեղծել մի հաղորդում, որը հնարավորություն կտար մասնագիտական քննարկումներ ծավալելու: «Հոգեբանների հետ՝ հոգեբանության մասին» հաղորդման գլխավոր նպատակն է անդրադառնալ հասարակությանը հուզող հարցերին, դրանք ներկայացնել գիտահանրամատչելի տարբերակով:
2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իմ գաղափարի մասին խոսեցի «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրենի հետ: Առաջին չորս հաղորդումը իրականացրեցինք «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հետ համատեղ: Հետագայում ես շարունակեցի ինքնուրույն կազմակերպել մյուս հաղորդումները:
- Ի՞նչ դժվարություններ են առաջանում հաղորդման ընթացքում:
- Այժմ ես ինքնուրույն եմ կազմակերպում հաղորդումները, իսկ դժվարությունները հիմնականում կապված են դրա հետ: Այս պատճառով հաղորդումը հեռարձակվում է ամիսը մեկ կամ երկու անգամ:
- Ի՞նչ ձևաչափով են հաղորդումները:
-Ես «Հոգեբանների հետ՝ հոգեբանության մասին» հաղորդման հաղորդավարն եմ: Ընտրում եմ թեման, ուսումնասիրում այն, հրավիրում մասնագետների: Հիմնականում հակված եմ հրավիրելու այն մասնագետներին, որոնք պրակտիկ աշխատանքի փորձ ունեն: Հյուրերը թե՛ ԵՊՀ դասախոսներ են, թե՛ պրակտիկ դաշտում գործող հոգեբաններ:
- Ինչպիսի՞ համագործակցություններ եք նախատեսում հետագայում:
- Նախատեսում եմ համագործակցել նաև արտասահմանյան մեր գործընկերների հետ, հաղորդումները նկարահանել նաև ռուսերենով և անգլերենով:
Արտասահմանում ապրող մեր հայրենակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հաղորդման նկատմամբ, հաճախ դիմում են մեզ այն այլ լեզուներով ևս կազմակերպելու համար:
Այժմ ունենք մեկ ռուսերենով հաղորդում, որը նկարահանել ենք Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի վարիչ Գայանե Շահվերդյանի հետ:
- Ինչպե՞ս են ընտրվում հաղորդման թեմաները:
- Թեմաների ընտրության հարցում հիմնականում ուշադրություն ենք դարձնում այն հարցերին, որոնք այդ պահին հուզում են հասարակությանը: Մարդիկ հաճախ գրում են մեզ, դիմում են այս կամ այն հարցով, կամ ինքս ականատես եմ լինում տարբեր երևույթների, որոնք արդիական եմ համարում և անդրադառնում եմ դրանց հաղորդման ընթացքում:
- Ինչպիսի՞ն է ուսանողների արձագանքը:
- Ուսանողները մեր հաղորդման լսարանի մասն են կազմում: Դասի ժամանակ քննարկված թեմաները հաճախ համընկնում են հաղորդման թեմաներին, ուսանողներն էլ մեծ սիրով դիտում են, քանի որ բանախոսներն իրենց դասախոսներն են: Հաղորդումը նրանց համար դառնում է նյութի ուսումնասիրման լրացուցիչ աղբյուր:
Մարի Ռաֆյան