- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԺՆԵՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ԲԱՆԱՎՈՐ ՓՈՒԼԻՆ
Մայիս 23, 2019 | 11:23
Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԺՆԵՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ԲԱՆԱՎՈՐ ՓՈՒԼԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթի գրավոր փուլին, գրանցել լավ արդյունքներ և հնարավորություն ստացել 2019 թ. հուլիսի 15-20-ը Ժնևում մասնակցելու մրցույթի բանավոր փուլին:
Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթը կազմակերպվում է Մարդու իրավունքների կենտրոնի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից Մարդու իրավունքների «Գլոբալ Կամպուսի» միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:
Դատախաղ-մրցույթը բաղկացած է երկու փուլից. առաջին փուլը ենթադրում է կողմերի դիրքորոշումների գրավոր ներկայացում, իսկ երկրորդ փուլում թիմերը մասնակցում են բանավոր փուլին և ներկայացնում իրենց դիրքորոշումները:
Այս տարի դատախաղ-մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 150 համալսարանների թիմեր, որոնց թվում՝ այնպիսի հեղինակավոր համալսարաններից, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Յելի համալսարանը:
ԵՊՀ թիմն առաջին փուլի արդյունքներով հայտնվել է աշխարհի 48 լավագույն թիմերի շարքում և հնարավորություն ստացել 2019 թ. հուլիսի 15-20-ը Ժնևում մասնակցելու բանավոր փուլին:
ԵՊՀ թիմը ներկայացնում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Դավիթ Ղարիբյանը և Դիանա Քառյանը: Թիմի մարզիչն է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական ամբիոնի ասպիրանտ Սոսե Բարսեղյանը:
Ի դեպ, այս տարի դատախաղ-մրցույթի գործում ներառված են արդիական բազմաթիվ հիմնախնդիրներ, մասնավորապես արհեստական ինտելեկտի օգտագործումը քրեական դատավարության շրջանակում, զենք կրելու իրավունքը, անձնական տվյալների պաշտպանություն և այլն:
Պատրաստեց Քնար Միսակյանը