- Գլխավոր
- Նորություններ
- «ՎԱՐՉԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մայիս 22, 2019 | 11:15
Կրթություն
«ՎԱՐՉԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան ուսանելու «Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրում:
Մեզ հետ զրույցում Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը նշեց, որ այս մագիստրոսական ծրագիրը կրթական գործընթացում կարևոր և սպասված նորություն է:
«Մագիստրոսական ծրագրի ընտրության հարցին պետք է լուրջ վերաբերել»,- փաստեց տիկին Ղազարյանը,- «ուսանողը պետք է հասկանա մագիստրոսական այդ կրթությամբ կարողանալու է արդյոք իր տեղը գտնել աշխատաշուկայում»:
Չթերագնահատելով թարգմանության գործի գիտական արժեքը՝ ամբիոնի վարիչը նշեց, որ այն նաև պրակտիկ գործառույթ է ենթադրում:
«Երբ գործընկերներով քննարկում էինք նոր մագիստրոսական ծրագիր ունենալու հարցը, մեզ համար միանշանակ էր, որ կարող ենք նոր կրթական «արտադրանք» ստանալ՝ լեզվաբանական հենքին միացնելով մեկ ուրիշ մասնագիտություն»,- մեկնաբանեց Ռուզան Ղազարյանը:
Այսպիսով՝ ուսանողները, որոնք ունեն լավ լեզվական հիմք, մագիստրոսական ծրագրի շրջանակում ստանալու են նաև հիմնավոր գիտելիքներ իրավագիտության և տնտեսագիտության ոլորտներից՝ դրանով զարգացնելով նաև ոլորտային անգլերենի իմացությունը:
«Մենք պատրաստելու ենք կադրեր, որոնք կարողանալու են ճիշտ ըմբռնել իրավաբանական տեքստերը ՝ իմանալով այնտեղ առկա տերմինների և գործընթացների բացատրությունները»,- նշեց ամբիոնի վարիչը:
«Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրի շրջանակում Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը համագործակցում է Իրավագիտության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների հետ:
«Մեծագույն ուրախությամբ պետք է նշեմ, որ հատկապես Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը պատրաստակամություն դրսևորեց մասնագետներ տրամադրելու հարցում, որոնք շատ լավ տիրապետում են անգլերենին»,- ասաց Ռուզան Ղազարյանը,- «ես շեշտում եմ հատկապես Իրավագիտության ֆակուլտետը, քանի որ մագիստրոսական ծրագրի միայն հինգ առարկա իրավաբանական բլոկից են»:
«Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրի ստեղծման հարցում մեծ աջակցությունն է ցուցաբերել նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ այն համարելով արդիական և կարևոր:
«Նախ պետք է նշեմ, որ ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը միշտ պատրաստ է լսել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և ամբիոնների առաջարկությունները, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել, և բացառություն չէ նաև մեր ամբիոնը,- ասաց Ռուզան Ղազարյանը,- դրա վառ ապացույցը մեր ամբիոնում մասնագիտացված համաժամանակյա (սինքրոն) թարգմանության երկու լսարանների բացումն էր անցած տարվա դեկտեմբերի 12-ին, որոնք հագեցած են վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով: Այս փաստը կարևորվում է հատկապես նրանով, որ լսարանները բացվել են բացառապես համալսարանի միջոցներով»:
Տիկին Ղազարյանը փաստեց նաև, որ համաժամանակյա (սինխրոն) թարգմանության լսարանները մեծ հետաքրքրություն են վայելում ուսանողների շրջանում, քանի որ նրանք ստանում են սինխրոն թարգմանչի որակավորում:
Հատկանշական է նաև այն, որ թարմացվել են նաև բակալավրիատի և մագիստրատուրայի գործող ծրագրերը:
Ավելացնենք, որ ծրագրի դասավանդման լեզուն անգլերենն է, իսկ ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:
Անի Պողոսյան