- Գլխավոր
- Նորություններ
- ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՆԵՐԸ
Մարտ 10, 2021 | 14:16
Հասարակություն
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ՈՒԳԸ ժողովածուի 1.1 (31), 1.2 (32) և 1.3 (33) համարների շնորհանդեսը:
«ԵՊՀ ՈւԳԸ հոդվածների ժողովածու» երիտասարդական պարբերականի նոր համարներում տեղ են գտել 97 հոդվածներ, որոնք ընտրվել են գիտական ամենամյա նստաշրջանում հնչած գրեթե 430 զեկուցումներից։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈւԳԸ նախագահ Մերի Փանոսյանն ասաց, որ տպագրված բոլոր հոդվածներն անցել են մասնագիտական գրախոսության փուլ, իսկ հետո արդեն երաշխավորվել տպագրության։
Նոր համարների շնորհանդեսին այսօր ներկա էին ԵՊՀ պրոռեկտորները, դասախոսներ, ստորաբաժանումների ղեկավարներ և ուսանողներ։ Բացման խոսքում ՈւԳԸ նախագահ Մերի Փանոսյանն ասաց, որ եռագույնի գույներով նոր համարները, իր առաջարկությամբ և ՈւԳԸ ԳԽ-ի որոշմամբ, նվիրվում են պատերազմում զոհված հերոսներին։
Շնորհանդեսի շրջանակում այսօր տեղի ունեցավ նաև «Հետպատերազմյան Հայաստանի զարգացման հեռանկարները» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Տարոն Սիմոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Ռոման Կարապետյանը:
Բանախոսները խոսեցին պատերազմի և հետպատերազմյան խնդիրների մասին` ներկայացնելով նաև, թե ինչպես են տեսնում երկրի հետագա զարգացումը, և թե ինչ քայլեր են անհրաժեշտ դրա համար:
Պանելային քննարկումից հետո ԵՊՀ ՈՒԳԸ քարտուղար Սիրանուշ Բաղումյանը մասնակիցներին ներկայացրեց պարբերականի նոր համարները։ Նա նշեց, որ ժողովածուի նոր համարներում տեղ գտած հոդվածների հեղինակների 70 %-ն իգական սեռի ներկայացուցիչ է, 30 %-ը՝ արական, 63 տոկոսը ԵՊՀ-ից է, 17 %-ը՝ արտասահմանյան բուհերից, իսկ 20 %-ը՝ Հայաստանում գործող այլ բուհերից: Նրա տեղեկացմամբ, հոդվածների 82 %-ը հայերեն է, 13 %-ը՝ ռուսերեն, իսկ 5 %-ը՝ անգլերեն:
Միջոցառման ավարտին շնորհանդեսին ներկա հոդվածագիրները հանդիսավորությամբ ստացան ժողովածուի իրենց օրինակը:
Քնար Միսակյան