- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԹԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ
Մարտ 05, 2019 | 14:21
Հասարակություն
ԵՊՀ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԹԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ
Փետրվարի 22-24-ը Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) հովանավորությամբ և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ Գրիգոր Չոբանյանի մարզչական աջակցությամբ ԵՊՀ-ի և հայաստանյան այլ բուհերի ուսանողներից բաղկացած թիմն իր հաջողված մասնակցությունն է ունեցել Թիֆլիսում կայացած 8-րդ նախապատրաստական դատախաղ-մրցույթին:
Վիեննայի ամենամյա «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին ընդառաջ տեղի ունեցած նախապատրաստական դատախաղ մրցույթին հայաստանյան թիմը ներկայացրել են Տիգրան Դադունցը (ԵՊՀ), Մերի Խաչատրյանը (ԵՊՀ), Հասմիկ Մովսեսյանը (ՀՖՀՀ) և Դիանա Սաքանյանը (ՀԱՀ):
Նախապատրաստական դատախաղ-մրցույթի ընթացքում հայաստանյան թիմը մրցել է Գերմանիայի, Վրաստանի և Ռուսաստանի առաջատար համալսարանների թիմերի հետ: Ցուցաբերված արդյունքների շնորհիվ՝ Գերմանական միջազգային համագործակցությունը (GIZ) պատրաստակամություն է հայտնել հովանավորելու նաև թիմի մասնակցությունն ապրիլի 11-19-ը Վիեննայում կայանալիք 26-րդ «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին, որին մասնակցելու է աշխարհի տարբեր անկյուններից ավելի քան 300 թիմ:
Դատախաղ-մրցույթը համարվում է միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր և մեծ ճանաչում ունեցող դատախաղը, որի նպատակն է ուսանողների շրջանում խթանել միջազգային առևտրային իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունը: Մրցույթը մեծ համբավ ունի ակադեմիական շրջանակում և հաճախ կոչվում է միջազգային առևտրային իրավունքի «օլիմպիական մրցույթ»:
Պատրաստեց Քնար Միսակյանը