- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Մարտ 18, 2019 | 16:46
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում այսօր տեղի ունեցավ հանդիպում Լիտվայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Իզոլդա Բրիչկովսկու և դեսպանության երկրորդ քարտուղար Յոմանտաս Պաբիռժիսի հետ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
Արամ Սիմոնյանը հյուրերին ներկայացրեց համալսարանի պատմությունն ու գործունեությունը:
«ԵՊՀ-ն հանրապետության ամենահին և ամենամեծ բուհն է»,- փաստեց Արամ Սիմոնյանը,- «պետք է նշեմ, որ համալսարանը հաճախ անվանում են «Մայր բուհ», քանի որ վերջինս ծնունդ է տվել Հայաստանում գործող շատ բուհերի»: Խոսելով երկկողմ համագործակցության մասին՝ Արամ Սիմոնյանը շեշտեց, որ բուհը միշտ պատրաստ է համագործակցել տարբեր ծրագրերի, հետազոտական նախագծերի և կրթաթոշակների շրջանակում:
ԵՊՀ-ի օտարերկրյա գործընկերների մասին խոսեց Ալեքսանդր Մարգարովը՝ ներկայացնելով բուհի արտաքին քաղաքականությունը:
«Այս ընթացքում մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է նպաստել բուհի միջազգայնացման գործընթացին, որի շրջանակում մենք ակտիվորեն համագործակցում ենք ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպական միության մի շարք բուհերի հետ»,- շեշտեց Ալեքսանդր Մարգարովը:
Տիկին Իզոլդա Բրիչկովսկին նախ շնորհակալություն հայտեց ԵՊՀ ղեկավարությանը հանդիպումը կազմակերպելու համար և նշեց, որ ԵՊՀ-ի հետ համագործակցության հնարավորություններն իրոք տպավորիչ են:
«Մեզ համար շատ հետաքրքիր է համագործակցություն սկսել ԵՊՀ-ի հետ: Այդ առիթով մենք նախատեսում ենք Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակում ցուցադրված «Լիտվա՛, իմ ազատություն» ֆիլմը ցուցադրել նաև ԵՊՀ-ում»,- ասաց Իզոլդա Բրիչկովսկին:
Իզոլդա Բրիչկովսկին ներկայացրեց նաև Եվրամիության կողմից հայտարարված մրցույթի մասին, որին կարող են մասնակցել Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում նաև Հայաստանի ուսանողները՝ ներկայացնելով էսսեներ Եվրամիության մասին:
Այնուհետև հյուրերը փորձեցին հստակեցնել այն ոլորտները, որոնց շրջանակում երիտասարդ մասնագետները կարող ենք ընդգրկվել տարբեր կրթական ծրագրերում և փորձի փոխանակում իրականացնել:
Անի Պողոսյան