- Գլխավոր
- Նորություններ
- ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբեր 09, 2020 | 13:13
Հասարակություն
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
«Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդ մասնագետների մրցունակության բարձրացմանը և աջակցել աշխատաշուկայում նրանց ինտեգրմանը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն ասաց, որ այս ծրագրի իրականացման մտահղացումն ի հայտ էր եկել նախքան համավարակի տարածումը. ««Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» հետ արդեն քննարկել և հաստատել էինք ծրագիրը, սակայն ստեղծված իրավիճակից ելնելով՝ աշխատանքները դադարեցվեցին: Օգոստոսին վերսկսեցինք բանակցությունները և ստորագրեցինք հուշագիր, որով կկարողանանք իրականացնել այս մտահղացումը»:
Նրա խոսքով, ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին ձեռք բերելու տեսական գիտելիքներ և գործնական նոր հմտություններ, ինչպես նաև ծանոթանալու աշխատաշուկայի առանձնահատկություններին և մարտահրավերներին:
«Ծրագրի միջոցով նաև անմիջական կապ է հաստատվելու մեր գործընկեր առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների և երիտասարդ մասնագետների միջև: Այն կօգնի, որ մեր հայրենակիցները մրցունակ լինեն աշխատաշուկայում ու կարողանան իրենց հետագա մասնագիտական գործունեությունը ծավալել Հայաստանում»,- ասաց Լիլիթ Հակոբյանը:
Երկու ամիս տևողությամբ ծրագրին կարող են մասնակցել 18-40 տարեկան երիտասարդ մասնագետները: Այն բաղկացած է երկու փուլից. առաջին փուլում մասնակիցները մասնակցելու են դասընթացների, թրեյնինգների և հանդիպելու են գործատուների հետ, իսկ երկրորդ փուլում նրանց հնարավորություն է տրվելու անցնելու փորձաշրջան կազմակերպություններում:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրենն ասաց, որ նախապես որոշվել էր ծրագիրն իրականացնել միայն սփյուռքահայ երիտասարդների համար, սակայն համավարակի ընթացքում պարզ դարձավ, որ ՀՀ-ում բնակվող երիտասարդները ևս ունեն աջակցության կարիք, և այժմ նրանց նույնպես մասնակցության հնարավորություն է տրված:
Լիլիթ Հակոբյանի խոսքով, ծրագրին դիմած երիտասարդներից կընտրվեն 30-35 մասնակիցներ, ապա ըստ նրանց տվյալների՝ կիրականացվի կարիքների գնահատում, որի հիման վրա էլ կկազմվի կրթական բաղադրիչի ծրագիրը. «Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն հանդիպումներ HR մասնագետների հետ, կանցկացվեն թրեյնինգներ, թե ինչպես կազմել ինքնակենսագրական, ինչ հմտություններ են պետք հարցազրույցի մասնակցելու համար և այլն: Ըստ մասնակիցների նախասիրությունների՝ կանցկացվեն նաև մասնագիտական դասընթացներ»:
Նրա հավաստմամբ, ծրագրի երկրորդ փուլն արդեն մեծապես կօգնի մասնակիցներին առաջիկայում աշխատանք գտնել, քանի որ շատ հաճախ կազմակերպություններն իրենց մոտ փորձաշրջան անցած երիտասարդներին կամ ընդունում են աշխատանքի, կամ նրանց տվյալները պահպանում արխիվում և անհրաժեշտության դեպքում հրավիրում աշխատանքի:
Բացի դրանից, Լ. Հակոբյանի տեղեկացմամբ, ծրագրի ավարտին մասնակիցները ստանալու են մասնակցության հավաստագրեր, իսկ փորձաշրջանի փուլն անցած մասնակիցներին կազմակերպությունների կողմից տրվելու են երաշխավորագրեր:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմում, ինչը կարելի է անել և՛ հայերեն, և՛ անգլերեն: Տեղեկացնենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 23-ը:
Քնար Միսակյան