- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ. ՊԱՏՐԱՍՏ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԳՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍԻ 4-ՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հունիս 13, 2019 | 14:20
Կրթություն
ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ. ՊԱՏՐԱՍՏ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԳՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍԻ 4-ՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Բուհական նոր դասագիրքն իր բովանդակությամբ կօգնի ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ ձեռք բերել:
Դասագրքի հեղինակային խմբի ղեկավարը և խմբագիրն Իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանն է, հեղինակները՝ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը, ամբիոնի դոցենտներ Արմեն Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հրայր Ղուկասյանը, Սերգեյ Մարաբյանը և Տաթևիկ Սուջյանը:
Մեզ հետ զրույցում Սամվել Դիլբանդյանը փաստեց, որ դասագիրքը շարադրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հատուկ մասի կառուցվածքին համապատասխան. «Դասագրքում լուսաբանված են քրեական դատավարության բոլոր փուլերը, ինչպես նաև հատուկ վարույթների առանձնահատկությունները»:
Ամբիոնի վարիչի հավաստմամբ, դասագրքում վերլուծության են ենթարկվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բացերը և քրեադատավարական օրենսդրության հետագա զարգացման միտումները:
«Գրքի չորրորդ հրատարակության ժամանակ կատարվել են բավականաչափ լրացումներ և հաշվի են առնվել մինչև 2019 թ. հունվարի 1-ն օրենսդրական փոփոխությունները, ՀՀ Սահմանադրական, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական և ՀՀ Վճռաբեկ դատարանների նախադեպային որոշումները»,- ասաց Սամվել Դիլբանդյանը:
Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆակուլտետը զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում որդեգրել է քաղաքականություն, ըստ որի՝ տեսական լավ պատրաստության հենքի վրա ուսանողներին փոխանցում է գործնական հմտություններ և պատրաստում ոլորտի առանձնահատկություններին լավ ծանոթ կադրեր:
«Դասագրքի այս հրատարակությունն էլ կազմվել է նշված քաղաքականության համաձայն և շարադրվել նոր մեթոդով: Եթե նախկինում դասագրքերը կազմվում էին միայն տեսական դրույթների հիման վրա, ապա այստեղ ներկայացված են նաև դատական ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումներ, որոնց վերլուծության արդյունքում ևս ուսանողները նոր գիտելիք և հմտություններ ձեռք կբերեն»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Ֆակուլտետի դեկանի հավաստմամբ, դասագրքի նոր հրատարակությունը տեսական և գործնական գիտելիքի փոխանցման տեսանկյունից լավագույնս կամբողջացնի այս առարկայի ուսուցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա գործնական պարապմունքներն անցկացվում են դատական նիստերի ձևով կամ համապատասխան իրավիճակների վերլուծությամբ:
Տեղեկացնենք, որ դասագիրքը նախատեսված է բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ասպիրանտների համար: Այն կարող է օգտակար լինել նաև պրակտիկ իրավաբանների և քրեական դատավարության հարցերով հետաքրքրվող անձանց համար:
Քնար Միսակյան