- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՐ 5 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԷԻՆ ԵՊՀ
Հոկտեմբեր 30, 2018 | 15:27
Քաղաքականություն
ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՐ 5 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԷԻՆ ԵՊՀ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ մի խումբ աշակերտներ այսօր հյուրընկալվեցին Քիմիայի և Կենսաբանության ֆակուլտետներում և լսեցին դասախոսություններ:
Դպրոցականների այցի նպատակն ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը, իրազեկության մակարդակը բարձրացնելը և դեպի ԵՊՀ ուղղորդելն էր:
Քիմիայի և Կենսաբանության ֆակուլտետների հյուրերը Մասիսի համար 5 ավագ դպրոցի կենսաքիմիա հոսքի աշակերտներն էին: Ապագա ուսանողները նախ եղան Քիմիայի ֆակուլտետում, որտեղ Օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Արիստակեսյանի հետ միասին իրականացրին քիմիական փորձեր՝ գործնականում ծանոթանալով գազերի ստացման եղանակներին և մեթոդներին:
Այնուհետև ավագ լաբորանտ Ինեսա Պետրոսյանն աշակերտներին ներկայացրեց «Նյութի կառուցվածքային միավորներ. ատոմներ» թեմայով դասախոսությունը՝ առավել պատկերավոր ցույց տալով և բացատրելով ատոմի կառուցվածքը:
Մեզ հետ զրույցում դպրոցի քիմիայի ուսուցչուհի Ռուզաննա Բարսեղյանը և կենսաբանության ուսուցչուհի Զոյա Գրիգորյանն ասացին, որ դասախոսությունների թեմաների ընտրության վերաբերյալ նախօրոք պայմանավորվել էին՝ համաձայնեցնելով դպրոցական ծրագրին:
Կենսաբանության ֆակուլտետի Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայում ուսանողներին դիմավորեց ասիստենտ Տիգրան Հարությունյանը, որը նրանց ծանոթացրեց լաբորատորիայի սարքերին և պատմեց ԴՆԹ-ին ու քրոմոսոմներին վնասվածք առաջացնող նյութերի մասին՝ բացատրելով դրանց ուսումնասիրման մեթոդները և պայմանները:
Մեզ հետ զրույցում աշակերտներն ասացին, որ մեծապես տպավորված են այցելությունից. այն հետաքրքիր էր և ուսուցանող:
Քնար Միսակյան