- Գլխավոր
- Նորություններ
- N 142 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
Նոյեմբեր 07, 2018 | 16:26
Քաղաքականություն
N 142 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր Ա.Ղարիբյանի անվան հ. 142 ավագ դպրոցի 11-րդ դասարանի մի խումբ աշակերտներ այցելեցին Քիմիայի ֆակուլտետ:
Մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող այցերի նպատակն ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը, իրազեկության մակարդակը բարձրացնելը և դեպի ԵՊՀ ուղղորդելն է:
Աշակերտներին սկզբում դիմավորեց վարչության աշխատակից Սաթենիկ Աբրահամյանը, որը նշեց, որ ԵՊՀ-ն այն բուհն է, որտեղ ոչ միայն գիտելիքներով են զինվում, այլև դառնում իրավագիտակից քաղաքացիներ:
Քիմիայի ֆակուլտետում ապագա ուսանողները եղան Օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայում, որտեղ քիմ. գիտ. թեկնածու, ասիստենտ Հայաստան Ալվանջյանը դասախոսություն կարդաց և տեսականորեն ներկայացրեց մեթանի, էթիլենի և ացետիլենի ստացման ռեակցիաները, ինչպես նաև դրանց հատկությունները:
Այնուհետև աշակերտներն արդեն գործնականում ծանոթացան վերը նշված նյութերի ստացման եղանակներին՝ ուսումնական լաբորատորիայի վարիչ Նաղարշ Միրաքյանի գլխավորությամբ իրականացնելով քիմիական փորձեր:
Աշակերտների հետ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներ Շուշան Վարդանյանը, Միքայել Թորոսյանը և Տիգրան Եգանյանը, որոնք ընթացքում պարզաբանեցին և առավել մանրամասնորեն բացատրեցին քիմիական փորձերի հատկությունները: Բացի դրանից՝ ուսանողները պատմեցին բուհի կրթության կազմակերպման և ընձեռած լայն հնարավորությունների մասին:
Մեզ հետ զրույցում հ. 142 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անի Սարգսյանն ասաց, որ այցը բավականին տպավորիչ էր, քանի որ ոչ միայն ամրապնդեցին, այլև ստացան նոր գիտելիքներ:
Դպրոցի քիմիայի ուսուցչուհի Սուսաննա Նիկոլյանն էլ փաստեց, որ դպրոցի և ԵՊՀ-ի համագործակցությունը շատ արդյունավետ է. «Նման այցերը շատ ոգևորում են աշակերտներին. սովորելու ցանկությունն ու առարկայի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի են մեծանում»:
Քնար Միսակյան