- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
Հունվար 10, 2019 | 15:08
Ուսանողական
ԵՊՀ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
Երևանի պետական համալսարանն աշխարհի տարբեր բուհերի հետ ունեցած համագործակցության շնորհիվ իր ուսանողներին հնարավորություն է տալիս սովորելու արտերկրում։ Այս տարի նրանցից շատերն ականատես եղան տոնական հրաշքին տնից ու Հայաստանից հեռու։ ysu.am-ը զրուցել է արտերկրի բուհերում սովորող հայ ուսանողների հետ, իմացել, թե ինչպես նշեցին տարեմուտը։
Նազելի Չաբրյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող է: Նա 2018 թվականի սեպտեմբերից մագիստրոսական ծրագրի շրջանակում սովորում է Իտալիայի մայր բուհում՝ Բոլոնիայի համալսարանում։
«Բոլոնիայի համալսարանում առաջին անգամ մասնակցեցի սուրբծննդյան համերգին, որի ընթացքում ելույթներ ունեցան ուսանողները, իսկ Նոր տարին դիմավորեցի ընկերներիս շրջապատում։ Ընտանիքից հեռու այս ընտանեկան տոնը նշելն անսովոր էր և տարբերվում էր նախորդներից։ Ամենաշատը կարոտում եմ հայաստանյան նախատոնական խառնաշփոթը, որը հատուկ է միայն հայկական ընտանիքներին: Այնուամենայնիվ, բախտավոր եմ, որ բացի արտերկրացի ընկերներից՝ Բոլոնիայում ունեմ հայ ուսանող ընկերներ, որոնց հետ տոներն ավելի ջերմ, ուրախ և հետաքրքիր դարձան։ ԵՊՀ ուսանողներին և դասախոսներին մաղթում եմ բեղուն, գիտական առաջընթացով, հաջողություններով, ձեռքբերումներով լի տարի»,- պատմում է Նազելի Չաբրյանը:
Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Աննա Ռաֆյանը նախորդ տարվա սեպտեմբերի 4-ից ապրում և միջանկյալ մեկ տարով սովորում է Էլ-Քուվեյթում:
«Արտերկրում ուսումնառության հետաքրքրությունն ու յուրահատկությունը հաճախ պայմանավորված են մշակութային փոխանակմամբ, իսկ տոնակատարությունները մշակույթի կարևոր մասն են։ Ստացվում է, որ այստեղ տոնում ենք ոչ միայն մեր տոները, այլև այլ ազգերի։ Մեր ազգային ու եկեղեցական տոները հաճախ նշում ենք Քուվեյթի Հայ առաքելական եկեղեցում, ապա այստեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ամանորի գիշերն ուսանողներով տոնեցինք նորանշանակ դեսպանի ու հյուպատոսի հետ, որոնց հետ կարճ ժամանակահատվածում շատ մտերմացանք: Սուրբ ծնունդը նշեցինք մեր ավագ հայ ընկերների հետ։ Ջերմ միջավայրն ապահովված էր, որը շատ կարևոր է, երբ տնից հեռու ես գտնվում։ Քուվեյթի համալսարանը հաճախ է միջոցառումներ կազմակերպում, սակայն հասկանալի է, որ իսլամադավան ժողովրդի կողմից Սուրբ ծնունդն ու Նոր տարին առանձնապես մեծ ուշադրության չեն կարող արժանանալ։ Նրանք պարզապես հանդուրժողականության մթնոլորտ են ապահովում։
Անսովոր է, որ տանը չեմ ու նախապատրաստական աշխատանքներին չեմ մասնակցում։ Մտերիմներիցս բացի՝ կարոտում եմ նախատոնական Երևանը, քաղաքային անցուդարձն ու ձմեռվա շունչը։ Դե արմավենին, իհարկե, չես զարդարի, բայց ամեն ինչ այստեղ իր հետաքրքրությունն ունի։
Մեր ուսանողներին ու դասախոսներին անսպառ ոգեշնչում եմ ցանկանում։ Ուզում եմ, որ երբեք չդադարեն ինքնակատարելագործվել»,- ասում է Աննան:
Հեղինե Վարդապետյանը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող է, բայց անցած տարվա սեպտեմբերից գտնվում է Իտալիայում ու սովորում Բոլոնիայի համալսարանում։
«Նոր տարին դիմավորել եմ ծննդավայրիցս հեռու, բայց ամենահարազատ միջավայրում. ընտանիքիս անդամներն ինձ այցելության էին եկել: Պետք է նշեմ, որ շատ եմ կարոտում մյուս հարազատներիս և մանավանդ տոնական նախապատրաստությունները, որոնք ոչ մի բանի հետ չես համեմատի: Իսկ Սուրբ ծնունդը նշել եմ հին ու նոր ընկերներիս հետ: 2019 թվականին ուսանողներին մաղթում եմ ակտիվ ուսումնական տարի, նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ»,- հավելում է Հեղինե Վարդապետյանը:
Մարինա Առաքելյան