- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔԻՄԻԱՅԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
Մարտ 06, 2021 | 11:50
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔԻՄԻԱՅԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում տեղի է ունենում քիմիայի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը:
ՀՀ քիմիայի առարկայի հանրապետական օլիմպիադան անցկացվում է երկու օրով: Օլիմպիադայի այս փուլին մասնակցում է հանրապետության տարբեր դպրոցների 90 աշակերտ:
Աշակերտներն այս օլիմպիադայի ընթացքում մասնակցում են երկու փուլի՝ տեսական և փորձնական: Տեսական փուլի ժամանակ աշակերտներին տրվում են հարցեր և խնդիրներ, իսկ փորձնական փուլի ժամանակ մասնակիցները Քիմիայի ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում պետք է իրականացնեն պահանջվող քիմիական փորձերը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանն ասաց, որ օլիմպիադայի շրջանակում կազմակերպվում են նաև հանդիպումներ ուսուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվում են ինչպես կազմակերպչական, այնպես էլ բնագավառին առնչվող մի շարք հարցեր:
Արմեն Գալստյանն ասաց, որ օլիմպիադայի երկու օրերի ամփոփումից հետո պարզ կդառնան հաղթողների անունները. «Նրանց մրցանակները հանդիսավորությամբ կհանձնենք օլիմպիադայի փակմանը, որը տեղի կունենա վաղը»:
Դեկանի տեղակալի խոսքով, առարկայական օլիմպիադաներին մասնակցությունը շատ կարևոր է աշակերտների և ուսանողների համար. «Նմանօրինակ միջոցառումները յուրատեսակ ստուգատես են մասնակիցների համար: Կարելի է հասկանալ, թե տվյալ բնագավառում ինչը պետք է յուրացնել կամ ամրապնդել»:
Արմեն Գալստյանի հավաստմամբ, հատկապես աշակերտների դեպքում առարկայական օլիմպիադաները կարող են նպաստել մասնագիտական կողմնորոշմանը և ընտրությանը. «Հուսով եմ՝ այս միջոցառումն ավելի մեծ սեր կառաջացնի քիմիայի նկատմամբ, և մենք առաջիկայում կունենանք խելացի և բանիմաց ուսանողներ»:
Քնար Միսակյան