- Գլխավոր
- Նորություններ
- ԲԵՌԼԻՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈԿՏՈՐ ՕԼԻՎԵՐ ԼԵՆՑԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 08, 2019 | 10:43
Կրթություն
ԲԵՌԼԻՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈԿՏՈՐ ՕԼԻՎԵՐ ԼԵՆՑԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին Բեռլինի տեխնիկական համալսարանի դոկտոր Օլիվեր Լենցը հանդես է եկել «Ջրածինը ձևափոխող կենսակատալիզատորների կենսատեխնոլոգիական ներուժը» խորագրով դասախոսությամբ:
Դասախոսությունը կազմակերպվել էր ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Աննա Փոլադյանի շնորհիվ, որը Գերմանիայի ակադեմիական փոխանակության ծրագրի (DAAD) շրջանակում համագործակցություն է հաստատել Բեռլինի տեխնիկական համալսարանի «Գազ-ձևափոխող կենսակատալիզատորների կենսաքիմիայի» հետազոտական խմբի հետ, և դրա ղեկավար, դոկտոր Օլիվեր Լենցին հրավիրել ԵՊՀ՝ ներկայացնելու հետազոտության վերջին արդյունքները:
Դասախոսության սկզբում ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը, ներկայացնելով Օլիվեր Լենցի անցած գիտական ուղին, ասաց, որ դոկտորը դասախոսությամբ հանդես կգա նաև վաղը՝ ներկայացնելով թթվածին-կայուն հիդրոգենազները և դրանց դերը բնության մեջ:
«Գերմանիայի ակադեմիական փոխանակության ծրագրի (DAAD) կողմից մեր ամբիոնը ստացել է մի քանի դրամաշնորհներ, որոնց շրջանակում մեր դասախոսներից շատերը եղել են Գերմանիայի տարբեր համալսարաններում: Ամբիոնը համագործակցում է գերմանական տարբեր բուհերի հետ, և հուսով եմ՝ այս դասախոսությունը ոչ միայն հետաքրքիր և օգտակար կլինի, այլև կնպաստի նոր համագործակցության հաստատմանը և հետագա համատեղ միջոցառումների իրականացմանը»,- ասաց Արմեն Թռչունյանը:
Դասախոսության ընթացքում Օլիվեր Լենցը խոսեց մատչելի և մաքուր էներգիայի ստացման այլընտրանքային եղանակների ու կենսակատալիզատորների դերի մասին: Նա խոսեց հիդրոգենազ ֆերմենտների կիրառման տարբեր ոլորտների և այդ ուղղությամբ արված փորձերի արդյունքում ստացված արդյունքների մասին:
Օլիվեր Լենցը դասախոսության ընթացքում ներկայացրեց փորձեր, որոնց ժամանակ, օրինակ, համատեղելով լույսը ձևափոխող մեխանիզմը և հիդրոգենազի գործունեությունը՝ ջրածնի արտադրության նոր ուղիներ են փնտրում, ինչը էկոլոգիապես մաքուր էներգիայի այլընտրանքային աղբյուր է: Դասախոսության ընթացքում խոսվեց նաև էլեկտրաէներգիայի ստացման ժամանակ հիդրոգենազ ֆերմենտների՝ որպես կատալիզատորների դերի մասին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Աննա Փոլադյանը, որը Գերմանիայի ակադեմիական փոխանակության ծրագրի շրջանակում Գերմանիայում աշխատել է Օլիվեր Լենցի հետ, պատմեց, որ դոկտորի հետ համագործակցությունը սկսվել է դեռևս երկու տարի առաջ. «Այն ժամանակ դիմել էինք նրանց՝ մեզ անհրաժեշտ բակտերիա ստանալու համար: Նրանք էլ, մեզ չճանաչելով, նամակ էին գրել և ուղարկել այն: Հետո արդեն համագործակցությունն ամրապնդվել է DAAD-ի միջոցով»:
Օլիվեր Լենցը, որն առաջին օրն է համալսարանում, մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն հրաշալի տպավորություններ ունի այստեղից. «Նախևառաջ ինձ շատ ջերմ դիմավորեցին ԵՊՀ-ում՝ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները: Բացի դրանից՝ մեծապես տպավորված եմ ուսանողների հետաքրքրասիրությամբ, նոր գիտելիք ստանալու ցանկությամբ: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը շարունակական կլինի»:
Քնար Միսակյան