- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ԱՐԱԲԵՐԵՆԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ
Նոյեմբեր 08, 2019 | 14:46
Կրթություն
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ԱՐԱԲԵՐԵՆԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Կազանի դաշնային համալսարանի կողմից կազմակերպվել է արաբերենի համառուսաստանյան 3-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են ավելի քան 120 ուսանողներ Ռուսաստանի տարբեր քաղաքների համալսարաններից (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Սիմֆերոպոլ, Ուֆա), ինչպես նաև ներկայացուցիչներ Բելառուսից, Հայաստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղրղզստանից և Ղազախստանից։
Ժյուրիի կազմը համալրված էր նշված քաղաքներից և երկրներից, ինչպես նաև Եգիպտոսից և Մարոկկոյից հրավիրված դասախոսներով։ Մրցույթին ներկա էին նաև Կազանի դաշնային համալսարանի ռեկտորը, Ռուսաստանում Սիրիայի դեսպանը և այլ դիվանագետներ։ Ժյուրիի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից հրավիրվել էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դոցենտ Սոնա Տոնիկյանը, դասախոս Սեդրակ Յովսէփյանը, ՀՀ-ում Քուվեյթի դեսպանության աշխատակից Արուսյակ Անդրեասյանը։
Օլիմպիադան ներառում էր 7 անվանակարգ՝ բանավոր խոսք, գրավոր աշխատանք, ունկնդրում, արաբերենից ռուսերեն միաժամանակյա թարգմանություն, գրավոր թարգմանություն, պոեզիա և արաբական երկրներում արված նկարների մրցույթ։
Հայաստանից օլիմպիադային մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Օվսաննա Վարդանյանը՝ գրավոր աշխատանք անվանակարգում, որին մասնակցում էին բակալավրիատի 3-րդ և 4-րդ, մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի 31 ուսանողներ։
Այս անվանակարգում ԵՊՀ ուսանողուհին զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ստանալով արծաթե մեդալ և շնորհակալագիր։