- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
Մայիս 19, 2022 | 19:00
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
Դասընթացն անցկացրեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի` սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը։ Խոսելով ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համագործակցությամբ կազմակերպվող դասընթացներին իր մասնակցությունից և ընտրված թեմայից՝ Ն. Մելքոնյանը նշեց. «Սա կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված առաջին դասընթացը չէ: Այն ոչ միայն ուղղված է ուսանողներին նոր գիտելիքներ տալուն, այլև հնարավորություն է նորից ու նորից խոսելու PR մասնագիտության մասին և նպաստելու դրա առաջխաղացմանը:
Ճիշտ է, դասընթացը մեկօրյա էր, սակայն մասնակիցներին ներկայացվեցին այն ամենակարևոր և հիմունքային տեղեկությունները, որոնք հետագայում կիրառելի կլինեն: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առավել խորքային գիտելիքներ ստանալ, կարող են ինքնուրույն ուսումնասիրել թեման կամ ուսումը շարունակել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» նոր մեկամյա մագիստրոսական ծրագրում: Այս դասաընթացի նպատակը, ինչո՞ւ ոչ, նաև մասնագիտության հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է»:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կ. Նազարյանը, անդրադառնալով դասընթացի կարևորությանը, ընդգծեց. «Ընտրված թեմաները մշտապես քննարկում ենք մեր գործընկերների հետ՝ ելնելով աշխատաշուկայի պահանջարկից: Այսօր աշխատաշուկան զարգանում է չափազանց արագ տեմպերով, և դրանով պայմանավորված՝ պետք է ոչ միայն աշխատաշուկան իր առաջարկներով գա բուհ, այլև բուհը պետք է մտնի աշխատաշուկա: Կրթական ծրագրերի մեջ անընդհատ փոփոխություններ կատարել հնարավոր չէ, սակայն դրանք հնարավոր է լրացնել այսպիսի այլընտրանքային տարբերակներներով»:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գայանե Հովսեփյանը, խոսելով դասընթացին իր մասնակցությունից, ասաց. «Դասընթացի մասին իմացել եմ սոցցանցում տեղադրված հայտարարությունից: Ես սիրում եմ տեղեկացված լինել տարբեր ոլորտներից: Դասընթացը, ճիշտ է, մեկօրյա է, այնուամենայնիվ վստահ եմ՝ այն շատ նոր գիտելիքներ կտա, հատկապես արդի ժամանակաշրջանում, երբ PR-ի դերը չափազանց մեծ է»:
Հիշեցնենք, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում սեպտեմբեր ամսից կգործեն Հայաստանում առաջին «Հասարակայնության հետ կապեր» բակալավրիատի կրթական ծրագիրը և մագիստրատրոսական մեկամյա համանուն ծրագիրը, որի ընդունելությունը շուտով կմեկնարկի: