- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿՏԵՂՎԵԼ ԷԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴԵՐԱՍԱՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՍՔԱՐՎԵՍՏԸ
Դեկտեմբեր 14, 2022 | 20:18
Կրթություն
Մշակույթ
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿՏԵՂՎԵԼ ԷԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴԵՐԱՍԱՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՍՔԱՐՎԵՍՏԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ներկայացվեց ժամանակակից բանաստեղծ, գրականագետ, ԵՊՀ պրոֆեսոր Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունների հիման վրա կազմված գրական կոմպոզիցիա:
Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի անդամներ Ռուզաննա Հախնազարյանը, Դավիթ Գասպարյանը, Բորիս Առաքելյանը և թատրոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը հյուրընկալվել էին ԵՊՀ-ում՝ ներկայացնելու Հենրիկ Էդոյանի բանաստեղծական գոհարները:
Դեռևս գերմանացի հռչակավոր գրող Յ. Վ. Գյոթեն էր իր հայտնի ստեղծագործության՝ «Ֆաուստ»-ի մեջ մատնանշում թատրոնի և բանաստեղծի միջև անքակտելի կապը: Նմանօրինակ հանդիպումները միտված են նախևառաջ ամրապնդելու այդ կապը, ինչպես նաև հնարավորություն են տալիս ուսանողներին տեսնելու և լսելու հայտնի դերասաններին, բացահայտելու նրանց՝ որպես ասմունքողների և ծանոթանալու արդի գրականության լավագույն նմուշներին: Այսպիսի նախաձեռնությունները մեծապես նպաստում են նաև ոչ ֆորմալ կրթության զարգացմանը:
Նշենք, որ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնը և Հայաստանի գրողների միությունը միասին իրագործում են «Արդի հայ պոեզիայի մարգարիտները» խորագրով ծրագիր, որի շրջանակում էլ կազմակերպվել էր գրական ցերեկույթը:
Միջոցառմանը ներկա էին բանաստեղծ Հենրիկ Էդոյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ, դասախոսներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք:
Հավելենք, որ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի միջև համագործակցության շրջանակում գործընկեր կառույցների ներկայացուցիչները անցկացրել են մշակութային հանդիպում-քննարկումներ, ինչպես նաև Ե. Չարենցի ծննդյան օրը միասին ծաղիկներ են խոնարհել պոետի հուշարձանի մոտ, որից հետո համալսարանականները ներկա են գտնվել թատրոնի՝ Եղիշե Չարենցի ստեղծագործությունների հիման վրա կազմված «Ես եմ հիմա մի պոետ…» խորագրով գրական կոմպոզիցիային: