- Գլխավոր
- Նորություններ
- «ՔՎԱՆՏԱՅԻՆ ՕՂԱԿՆԵՐԻ ՖԻԶԻԿԱ» ԳՐՔՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոկտեմբեր 04, 2018 | 13:11
Գիտություն
«ՔՎԱՆՏԱՅԻՆ ՕՂԱԿՆԵՐԻ ՖԻԶԻԿԱ» ԳՐՔՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հեղինակավոր «Springer» հրատարակչական տունը սեպտեմբերին լույս է ընծայել «Քվանտային օղակների ֆիզիկա» (Physics of quantum rings) գիրքը, որի երկու գլուխների հեղինակները Երևանի պետական համալսարանի աշխատակիցներն են։
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Արամ Մանասելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիրքն ընթերցողին ծանոթացնում է քվանտային օղակների ֆիզիկայի հիմունքներին, ինչպես նաև այդ բնագավառում վերջին տարիների տեսական, փորձարարական և կիրառական բնույթի էական ձեռքբերումներին։
Գրքի խմբագիրն է Գերմանիայի Լայբնիցի ինստիտուտի պրոֆեսոր Վ․Մ․ Ֆոմինը։ Գիրքը բաղկացած է 18 գլուխներից, որոնց հեղինակները քվանտային օղակների ֆիզիկայի բնագավառում էական ձեռքբերումներ ունեցող գիտնականներ են։
Ինչպես արդեն նշեցինք, «Քվանտային օղակների ֆիզիկա» գրքի գլուխներից երկուսի հեղինակները ԵՊՀ աշխատակիցներ են. 11-րդ գլխի հեղինակներն են Ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Արամ Մանասելյանը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Մանուկ Բարսեղյանը և Մանիտոբայի համալսարանի պրոֆեսոր Տապաշ Չակրաբորտին (Կանադա):
Արամ Մանասելյանը նշեց, որ գրքի 11-րդ գլուխը նվիրված է քվանտային օղակների նոր համակարգերում և կառուցվածքներում էլեկտրոնային, մագնիսական և օպտիկական բնութագրերի ուսումնասիրմանը։
Իսկ գրքի 14-րդ գլխի հեղինակներն են Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Կիրակոսյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Մանուկ Բարսեղյանը, ինչպես նաև Տարապակայի համալսարանի (Չիլի) աշխատակիցներ Հենրիխ Բաղրամյանը և պրոֆեսոր Դավիդ Լարոզեն: Այն նվիրված է քվանտային օղակների էլեկտրոնային և օպտիկական բնութագրերի վրա տերահերցային ճառագայթման ազդեցության ուսումնասիրմանը։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ վերոնշյալ գլուխներում ներկայացված գիտահետազոտական աշխատանքների հիմնական մասը կատարվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայում:
Ըստ Արամ Մանասելյանի՝ գիրքը կարող է օգտակար լինել Ֆիզիկայի ֆակուլտետների ուսանողների և ասպիրանտների, ինչպես նաև փորձարարական և տեսական նանոֆիզիկայի բնագավառում աշխատող գիտաշխատողների համար։
Նադեժդա Տեր-Աբրահամյան