- Գլխավոր
- Նորություններ
- ՊԻԵՌ ԲՈՒՐԴԻԵՆ ԵՎ ԺԱՆ ԲՈԴՐԻԱՐԸ՝ ՀԱՅԵՐԵՆ. ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Նոյեմբեր 29, 2018 | 17:27
Հասարակություն
ՊԻԵՌ ԲՈՒՐԴԻԵՆ ԵՎ ԺԱՆ ԲՈԴՐԻԱՐԸ՝ ՀԱՅԵՐԵՆ. ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այս տարի ԵՊՀ հրատարակչությունը հրատարակեց ֆրանսիացի սոցիոլոգներ Պիեռ Բուրդիեի և Ժան Բոդրիարի «Հոդվածներ, հարցազրույցներ, էսսեներ» գիրքը:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի գրքասերների ակումբը կազմակերպել էր հանդիպում գրքի թարգմանիչ Հռիփսիմե Դայանի հետ, որին ներկա էին Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը, Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը, ինչպես նաև գրքասերներ և ֆակուլտետի ուսանողներ:
Արթուր Աթանեսյանը, խոսելով թարգմանության համար ընտրված նյութի մասին, նշեց, որ մարդկանց հայտնի են հեղինակների հիմնական գործերը, այնինչ գրողին հնարավոր է բացահայտել հենց էսսեների ու հարցազրույցների միջոցով:
«Յուրաքանչյուր սոցիոլոգիական տեքստ ոչ միայն հիշողությունների ամբողջություն է, այլև հասարակության մեջ ինչ-որ բան փոխելու և զարգացնելու դեղատոմս»,- ասաց նա:
Անդրադառնալով թարգմանչական հարցերին՝ ներկաները փաստեցին, որ կատարված թարգմանության առավելություններից մեկն այն է, որ հեղինակը չի ձգտել բոլոր բառերն անխտիր դարձնել հայերեն, այլ հստակ պահպանել է մասնագիտական լեզուն:
Հռիփսիմե Դայանը նշեց, որ այս հեղինակների ընտրությունը կապված է եղել հասարակության մեջ գերիշխող խնդիրների հետ, որոնց և անդրադարձել են Բուրդիեն և Բոդրիարը:
Հիշեցնենք, որ գրքի գիտական խմբագիրն է դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը, որը համեմատել է ֆրանսերեն տեքստը հայերենի հետ, ինչի հիման վրա էլ ֆակուլտետի գիտական խորհուրդը գիրքը երաշխավորել է տպագրության: