- Գլխավոր
- Նորություններ
- «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ».ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ
Հունիս 19, 2018 | 14:02
Հասարակություն
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ».ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ
ԵՊՀ լրագրող Անի Պողոսյանը Գերմանիայի Բունդեսթագում մասնակցել է IPS (Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ) ծրագրի կրթաթոշակակիրների համար կազմակերպված հանդիպմանը:
Գերմանիայի «Բերտելսմանյան» հիմնադրամի տնօրեն, «Ժողովրդավարության ապագան» ծրագրի խորհրդատու Ռոբերտ Վեհրկամպը, ով իր հետազոտական թեմայի շրջանակում ուսումնասիրում է ընտրություններին քաղաքացիների մասնակցության ակտիվության և պասիվության սոցիալական պատճառները, Բունդեսթագում ունեցած իր ելույթի ընթացքում անդրադարձավ մի քանի արդիական խնդիրների: Ըստ բանախոսի՝ եվրոպական ծագում ունեցող ամենամեծ քաղաքական ձեռքբերումը՝ ժողովրդավարությունը, կասկած է առաջացնում: Առանձնահատուկ անդրադարձ եղավ նաև այն դերին, որ ընդդիմությունն ունի ժողովրդավարական համակարգի կայացման գործում:
Գերմանիայի խորհրդարանը վերջին տարում համեմվել է ոչ միայն «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությամբ, որը թունդ քննարկումներ է ծավալում Բունդեսթագում` հիմնական թիրախ ունենալով փախստականների ճգնաժամը, այլ նաև եվրոպական քաղաքական միջավայրը սկսում է ժողովրդավարական համակարգի մոդեռնիզացման գործընթացը:
«Այս պահին ժողովրդավարությունն ունի մի քանի վիճելի հարցեր, որոնց հետազոտությամբ էլ մենք զբաղվում ենք,- իր ելույթում նշեց Ռոբերտ Վեհրկամպը,- առաջին կարևոր հարցը այն է՝ արդյոք տասնութ տարին լրացած քաղաքացին, ով արդեն իրավունք է ունենում մասնակցելու ընտրություններին, բավականաչափ հասուն է քաղաքական որոշումներ կայացնելու համար: Հաջորդ հարցը ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին է վերաբերվում, թե նրանց համար արդյոք պետք է սահմանել որոշակի չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում միայն քաղաքացին իրավունք կունենա մասնակցելու ընտրության: Ժողովրդավարության սկզբունքները նժարի հավասար կողմերի վրա են դնում համալսարանի պրոֆեսորի և հովիվի ձայները: Եվ երրորդ կարևոր խնդիրն այն շեմի սահմանումն է, որն հաղթահարելու դեպքում միայն կուսակցությունները հնարավորություն կունենան մտնելու օրենսդիր մարմին»:
Բանախոսն իր ելույթում նշեց, որ քաղաքացիների շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ընտրություններին չմասնակցող քաղաքացիները մեծամասամբ երկու պատճառ ունեն: Առաջինը՝ քաղաքացին գոհ է իրերի դասավորությունից և իր վարած կյանքից, իսկ դժգոհների ակտիվ մասնակցությունն ընտրություններին խեղաթյուրում է հասարակական իրական տրամադրության պատկերը:
Հաջորդ պատճառը սոցիալական դետերմինիզմն է: Անհրաժեշտ է ուսումնասիրել սոցիալական պատճառահետևանքային այն կապերը, որոնք հանգեցնում են քաղաքացիների ցածր մասնակցությանն ընտրություններին:
«Կարևոր է շարունակել ուսումնասիրություններն այն ուղղությամբ, թե ինչպիսի սոցիալական գործոնների ազդեցության տակ է քաղաքացին նախընտրում տանը մնալ, այլ ոչ թե մասնակցել ընտրություններին: Ընտրություններին չմասնակցող մարդկանց մոտիվացնելը նույնպես մարտահրավեր է, որը եվրոպական ժամանակակից ընտրական համակարգը պետք է հաղթահարի»,- հավելեց բանախոսը:
Ելույթի ընթացքում խոսվեց նաև ժողովրդավարական համակարգում ընդդիմության զբաղեցրած դերի մասին: Ըստ բանախոսի՝ ընդդիմությունն այն այլընտրանքն է, որի իրավունքները պետք է պաշտպանված լինեն:
«Ժողովրդավարությունը քաղաքական բանավեճով ամրապնդվող համակարգ է,- նշեց պարոն Վեհրկամպը,- առանց քաղաքական բանավեճի այն չի կարող կենսունակ լինել, ուստի բանավեճերը, ինչպես նաև վեճերը խորհրդարանական միջավայրում անհրաժեշտությունն են: Ժամանակակից ժողովրդավարությունը պետք է ամբողջանա ընդդիմադիր մտքի ու այլակարծության շնորհիվ: Յուրաքանչյուր կարծիք, որ հնչում է խորհրդարանում պետք չէ ծաղրել կամ անտեսել, քանի որ այն կազդարարի ժողովրդավարական համակարգի վերջը»,- իր ելույթը եզրափակեց Ռոբերտ Վեհրկամպը: