- Գլխավոր
- Նորություններ
- «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Ա. ՄԱՆԱՍՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Մարտ 20, 2019 | 19:57
Գիտություն
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Ա. ՄԱՆԱՍՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, իրավ. գիտ. թեկնածու Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրքի գրախոս Գևորգ Դանիելյանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դատավորներ, քաղաքական գործիչներ:
Գիրքը նվիրված է սահմանադրական կայունության արժեբանական բնութագրին և կայուն ժողովրդավարության երաշխավորման գործում վերջինիս դերակատարությանը։
Մենագրության շրջանակում հետազոտվել են ժողովրդավարության դոկտրինը, սահմանադրական կայունությանն ու Սահմանադրության զարգացմանն առնչվող հիմնախնդիրները, սահմանադրական վեճերի հաղթահարման իրավական կառուցակարգերը, Սահմանադրության պաշտոնական մեկնաբանության, անմիջական գործողության առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև «սահմանադրական ինքնություն» հասկացությունն ու դրա արժեբանական բնութագիրը:
Նշված հիմնախնդիրների ուսումնասիրության արդյունքում հեղինակի կողմից կատարվել են բազմաթիվ տեսական եզրահանգումներ, մշակվել են հարցադրումներին առնչվող նոր տեսական հայեցակարգեր, և ներկայացվել են ՀՀ օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման մի շարք գործնական առաջարկություններ:
Մենագրությունը բաղկացած է 5 գլուխներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են ենթագլուխներից: Այն նախատեսված է սահմանադրական իրավունքի, իրավունքի տեսության ու փիլիսոփայության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:
Շնորհանդեսը հարթակ է՝ քննարկելու ինչպես մենագրության մեջ ամրագրված դրույթները, այնպես էլ ոլորտում առկա խնդրահարույց հարցերը:
Տեղեկացնենք, որ Անահիտ Մանասյանը հեղինակ և համահեղինակ է 4 մենագրության, մեկ դասագրքի, մեկ ուսումնական ձեռնարկի և շուրջ հինգ տասնյակ գիտական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան և արտասահմանյան հեղինակավոր գիտական հանդեսներում:
Շնորհանդեսի սկզբում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ Ա. Մանասյանի մենագրության քննարկում-շնորհանդեսը ճիշտ ժամանակին է՝ հաշվի առնելով հիմնախնդրի արդիականությունը և ժամանակ առ ժամանակ յուրահատուկ սևեռվածության աստիճանները. «Ընդհանրապես ցանկացած գիտական նյութի արժեք որոշվում է երկու հանգամանքով՝ արդիականություն և հետազոտության գիտականություն՝ խորություն: Ես խիստ տպավորված եմ, քանի որ գրքում առկա են իմ նշած երկու կարևոր հանգամանքները»:
Դեկանը հավելեց, որ ժողովրդավարության գաղափարն անբովանդակ հասկացության կարելի է վերածել մի դեպքում, երբ ժողովրդավարությունը դիտարկում ենք սոսկ որպես իշխանությունը ժողովրդին պատկանելու հատկանիշով օժտված պետական ռեժիմ: Կարևորագույն բացասական երևույթը, որն ունենում են ժողովրդավարության կառավարման համակարգերը, այսպես կոչված, կարգախոսների ստրուկների ձևավորումն է, ինչն էլ իր հերթին բերում է ցածր մշակույթի առաջացման։
Պարոն Ղազինյանը խոսքը փոխանցեց Գևորգ Դանիելյանին՝ վստահեցնելով, որ վերջինս խորապես ուսումնասիրել է աշխատությունն այն գրախոսելուց առաջ:
«Մենագրությունն ընթերցելիս առաջանալու են բազմաթիվ հարցեր, որոնք շատերիս համար առ այսօր թվացել են բավականին պարզունակ, գիտական հետազոտության համար ոչ հարմար, մյուս կողմից կարող է նաև տպավորություն ստեղծվել, որ գրողը չափազանց համարձակ մտքեր է արտահայտում, և հարց կառաջանա՝ ունի արդյոք բավարար հիմքեր դրա համար: Սակայն բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է նշել, որ բավականին հաջողված աշխատություն է ստացվել»,- ասաց պարոն Դանիելյանը:
Նա, խոսելով Անահիտ Մանասյանի գիտական աշխատանքի մասին, նշեց, որ այս գրքում առկա դիտարկումները միշտ էլ գտնվելու են ուշադրության կենտրոնում և արդիական են լինելու անկախ քաղաքական իրադարձությունների հետագա զարգացումից:
Իր ելույթի ընթացքում գրքի գրախոսը մանրամասն անդրադարձավ գրքում առկա հարցադրումներից ամենաակնառուներին՝ կարևորելով այն, որ հեղինակը բացարձակապես չի տրվել հոգեբանական նուրբ հարցերի վերլուծությանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նույնպես ելույթ ունեցավ՝ սկզբում շնորհակալություն հայտնելով հրավերի համար:
«Հարգելինե՛րս, ժամանակակից քաղաքակրթության մարտահրավերներից մեկը կայուն ժողովրդավարության և դրա հիմքի վրա ստեղծված իրավական պետության գոյության ապահովումն է: Կայուն ժողովրդավարության հաստատուն հիմքերից մեկը սահմանադրական կայունությունն է: Կարևորելով այս երկու ինստիտուտների նկատմամբ ոչ միայն քաղաքական, այլև ակադեմիական հետաքրքրությունը՝ հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանում սահմանադրական կայունության ականատեսը եղանք անցած տարի տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում»,- նշեց պարոն Զեյնալյանը:
Նա ասաց, որ նման ուսումնասիրությունները քաղաքական գործընթացների տեսական հիմք են և ներուժ ունեն աջակցելու քաղաքականությանը:
«Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության մասին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, որը նշեց, որ գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացնում. «Պետք է ասեմ, որ իսկապես շատ հասկանալի, հստակ և շատ ընթեռնելի լեզվով գրված գիրք է: Զուտ արագ թերթելով գիրքը՝ ես նկատեցի, թե որքան համարձակ աշխատանք է մեր առջև դրված»:
Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ ինքը գրքի հեղինակի հետ ծանոթ է դեռ երկրորդ կուրսից ու պատիվ է ունեցել կարդալու նրա հեղինակած բոլոր գիտական աշխատանքները, որոնք նպաստել են նրա՝ որպես մասնագետի հասունացման ընթացքին:
Ելույթներով հանդես եկան նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դատավորներ:
Գրքի շնորհանդես-քննարկման ավարտին «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության հեղինակը, ասելով, որ գրքում առկա հիմնական դրույթներն արդեն նշվել են, խոսեց գրքի շապիկի ընտրության մասին:
«Իրականում երբ փնտրում էի կայունության խորհրդանիշը, շատ հետաքրքիր տարբեր խորհրդանիշների հանդիպեցի, բայց ամենածավալուն և ամենատարածված խորհրդանիշը տիեզերքն էր: Սկսեցի ուսումնասիրել և բացահայտեցի, որ տիեզերքը բնութագրող մի քանի բառեր են սովորաբար հանդիպում՝ հանգստություն, համերաշխություն, անվտանգություն, ներդաշնակություն: Հենց այս գաղափարներն եմ դրել հասարակական համակարգերի կայունության երաշխիքները մշակելու հիմքում և համոզված եմ, որ նշված համակարգերը կարող են կայուն լինել միայն այն դեպքում, երբ անհատի համար երաշխավորվում են հենց այս չափանիշները»,- ասաց հեղինակը:
Իր ելույթի վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ իր հետազոտության իրականացման համար բոլոր ներկաներն իրենց ներդրումն են ունեցել ուղղակի կամ անուղղակի տարբեր ձևաչափերով:
Շնորհանդեսի վերջում գրքի հեղինակը բոլոր ցանկացողներին նվիրեց իր գիրքը՝ այն անձամբ մակագրելով:
Մարինա Առաքելյան