- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ի ԵՎ ԷՔՍ- ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ERASMUS+» ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԿՆԵՐԱՌԻ ՆՈՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
Հոկտեմբեր 25, 2018 | 17:38
ԵՊՀ-Ի ԵՎ ԷՔՍ- ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ERASMUS+» ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԿՆԵՐԱՌԻ ՆՈՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի ունեցավ հանդիպում-մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին եվրոպական «ERASMUS+» ծրագրի շրջանակում ԵՊՀ-ի և Էքս-Մարսել համալսարանի միջև համագործակցությունն ու դրա արդյունքները:
Հանդիսավոր արարողության ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան:
Նա իր ելույթում անդրադարձավ վերջերս Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ շեշտելով, որ այն շատ կարևոր իրադարձություն էր Հայաստանի համար:
«Մենք հստակորեն նկատում ենք այն դրական տեղաշարժը, որ կա Հայաստանում ֆրանսերեն լեզվի դասավանդման և սովորելու գործընթացում, դա մեզ համար նշան է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և մեր համագործակցությունը արդյունավետ է»,- նշեց Ալեքս Բորտոլան:
Էքս-Մարսել համալսարանի հայագիտության դասախոս, «Erasmus+» ծրագրի համակարգող Պատրիկ Տոնապետյանը պատմեց իր և իր գործընկերների՝ Հայաստան ժամանելու նպատակների և ապագա քայլերի մշակման գործընթացի մասին:
«Մեր համագործակցությունը արդեն տասնամյակների պատմություն ունի, սկզբում այն ներառել է ճշգրիտ, այնուհետև նաև հումանիտար գիտությունների ոլորտները: «Erasmus+» ծրագրի հետ համագործակցելու շնորհիվ մեր գործունեությունը նոր թափ է ստանալու՝ ներառելով նաև այլ բնագավառներ»,- ասաց Պատրիկ Տոնապետյանը:
Որպես Էքս-Մարսել համալսարանի հայագիտության դասախոս՝ Պատրիկ Տոնապետյանը շեշտեց, որ համալսարանի հայագիտության կենտրոնը միակն է ֆրանսիական համալսարանական համակարգում, և այն ֆրանսիացի ուսանողները, որոնք ուզում են Հայաստան գալ, կարող են այդ կենտրոնում հայերեն և հայկական մշակույթ ուսումնասիրել:
Եվրոպայի հետ համագործակցության ծրագրի պատասխանատու, Էքս-Մարսել համալսարանի արտաքին կապերի վարչության ներկայացուցիչ Քրիստել Դյուպոն Ֆերիեն իր ելույթում շեշտեց, որ Ֆրանսիան թվով երկրորդ արտասահմանյան երկիրն է, որտեղ հայ ուսանողները ամենաշատն են մեկնում՝ իրենց ուսումը շարունակելու համար:
«Ցավոք, Ֆրանսիան չի մտնում այն երկրների տասնյակի մեջ, որտեղից ուսանողները հաճախ են գալիս Հայաստան՝ սովորելու: Բայց, ամենայն հավանականությամբ, «Erasmus+» ծրագրի նոր նախաձեռնության շնորհիվ իրավիճակը կբարելավվի, մասնավորապես ֆրանսիացի ուսանողները հնարավորություն կունենան Հայաստանում ստաժավորում անցնելու»,-հույս հայտնեց Քրիստել Դյուպոն Ֆերիեն:
Տիկին Քրիստելը նշեց նաև, որ երկկողմանի համագործակցությունը գնալով ընդլայնվում է, և դրա վառ ապացույցն այն է, որ դասախոսների շարժունակության շրջանակում նախատեսվում է ԵՊՀ ուղարկել երկրագիտության, շրջակա միջավայրի, պարսկերենի, թուրքերենի և արաբերենի մասնագետներ:
Միջոցառման ժամանակ բարձր գնահատվեցին ԵՊՀ-ի ներդրած ջանքերը այս ոլորտում: Հանդիպման ժամանակ ելույթ ունեցան ԵՊՀ դասախոսներ և ուսանողներ, որոնցից յուրաքանչյուրը հաճույքով կիսվեց «Erasmus+»-ի շրջանակում իր անձնական փորձով և պատմությամբ:
ԵՊՀ ֆրանսիական ամբիոնի դասախոս, Էքս-Մարսել և Մոնպելյե համալսարանների հետ կապերի համակարգող, ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնի պատասխանատու Թագուհի Բլբուլյանն անդրադարձավ դասախոսական շարժունակության շրջանակում իր ձեռք բերած փորձին:
«Մինչ այդ գոյություն ունեին ուսանողական փոխանակման և դասախոսների կատարելագործման ու վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր, սակայն «Erasmus+» ծրագիրը այն եզակիներից է, եթե ոչ եզակին, որը լայն հնարավորություն ընձեռեց դասավանդողներին վերապատրաստվելու ոչ թե տեսական գիտելիքների շնորհիվ, այլ գործնականորեն՝ դասավանդման միջոցով՝ իրականացնելով մի քանի գործառույթ»,- պատմեց Թագուհի Բլբուլյանը:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատակից, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Հայկուհի Մկրտչյանն էլ շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներին՝ ուսանողների և դասախոսների մուտքի արտոնագրի ստացման գործընթացը բավականին արագ և արդյունավետ կազմակերպելու համար:
Անի Պողոսյան