- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀՀԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՆԱՄԱԿԱՆԻ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ ԵՎ ՏԵՂԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Հոկտեմբեր 31, 2018 | 17:00
Հասարակություն
ԵՊՀ ՀՀԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՆԱՄԱԿԱՆԻ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ ԵՎ ՏԵՂԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Սեպտեմբերի 24-ին Լիբանանում տեղի ունեցավ «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը, որին գրախոսությամբ հանդես գալու համար հրավիրված էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:
«Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը Լիբանանում կազմակերպել էր Համազգային հայ կրթական, մշակութային միության Լիբանանի շրջանային վարչությունը: Գրքի լիբանանյան շնորհանդեսը թվով չորրորդն էր: Առաջինը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանում, երկրորդը՝ Շուշիում, երրորդը՝ Սիրիայում, վերջինը՝ Լիբանանում:
«Լիբանանում դեռևս երեք տարի առաջ պատմաբան Երվանդ Փամբուկյանի (գրքի կազմողն է) հետ խոսել ենք գրքի տպագրման աշխատանքների մասին: Ժողովածուն ընդգրկում է շուրջ 400 նամակ, որոնց մեծ մասը երբևէ լույս չի տեսել: Ի դեպ, փաստաթղթերը հիմնականում հավաքված են Դաշնակցության՝ Բոստոնում գտնվող արխիվից»,− ysu.am-ին տված հարցազրույցում ասաց պարոն Հովհաննիսյանը:
Համատեղ ջանքերով իրականացվեց գրքի հրատարակությունը: ՀՀԻ Բաբկեն Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի վարիչ Վ. Մխիթարյանը ձևավորեց Արամ Մանուկյանի՝ 1904-1915 թվականների ընթացքում ծավալած գործունեության քարտեզը:
Առաջին հանրապետության 100-ամյակին ընդառաջ ԵՊՀ ռեկտոր Սիմոնյանի և պատմաբան Երվանդ Փամբուկյանի հանդիպման արդյունքում որոշվեց, որ գրքի լույսընծայմամբ կզբաղվի հենց ԵՊՀ-ն:
«Այս ժողովածուի հրատարակությունը համալսարանի համար աննախադեպ էր, քանի որ գիրքը տպագրվեց 1000 օրինակով»,− ասաց Մհեր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը գրախոսության ընթացքում մատնանշեց, որ Արամ Մանուկյանը միշտ էլ հավատացել է, որ իր կատարած գործում մենակ չէ և դեմ է եղել, երբ իրեն համարել են միակ փրկիչը: Նա դեմ էր անհատապաշտությանը: Նամակների միջոցով հնարավոր է ճանաչել քննադատ Արամ Մանուկյանին, ծանոթանալ Արամ Մանուկյան ուսուցչի կերպարին:
Պարոն Հովհաննիսյանը նաև նշեց, որ լիբանանյան այցի շրջանակներում մասնակցել է ԵՊՀ գործընկեր համայնքային կառույցների հետ բանակցությունների:
«Երևանի պետական համալսարանը 1991 թվականից Լիբանանի համազգային կենտրոնական վարչության գործընկերն է: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը 2011 թվականին ընդլայնեց համագործակցության շրջանակը՝ նոր կապեր ստեղծելով հայկական համայնքի հետ: Խոսքը վերաբերում է տեղի հայկական դպրոցներին, Ազգային առաջնորդարանին, Համազգայինի Լիբանանի շրջանային վարչությանը և կաթոլիկ ու ավետարանչական համայնքների տարբեր կառույցներին»,− հավելեց փոխտնօրենը:
«Այս այցելության ժամանակ հնարավորություն ստացանք՝ վերաթարմացնելու մեր ունեցած համաձայնագրերը, քանի որ որոշ կառույցների, մասնավորապես Ազգային առաջնորդարանի ամբողջական և Համազգային շրջանային վարչության ղեկավարությունները փոխվել էին: Համաձայնագրերի շնորհիվ շատ լավ աշխատանք ստացվեց: Եթե Համազգային շրջանային վարչության հետ փաստացի մեկ ծրագիր իրականացրինք, այսինքն՝ այս գրքի շնորհանդեսը, ապա Ազգային առաջնորդարանի հետ մենք առիթ ունեցանք քննարկելու առաջիկայում նախատեսվող համագործակցության ծրագրերը»,− ասաց պարոն Հովհաննիսյանը և հավելեց, որ ամենայն հավանականությամբ ձմռանը սկսվելու է «Ցեղասպանագիտություն» հեռաուսուցման ծրագրի լիբանանյան շարքը։ Քննարկվել է նաև Առաջնորդարանի ենթակայությամբ գործող հայկական դպրոցների լիբանանահայ ուսուցիչների վերաորակավորման հարցը:
Ինստիտուտի փոխտնօրենը նշեց, որ առաջիկայում Լիբանանի ազգային առաջնորդարանի հետ քննարկվելու է նաև քարտեզագրական աշխատանքներ իրականացնելու հարցը, քանի որ դպրոցներում չկան արևմտահայերեն, դասական ուղղագրությամբ պատից կախելու, լայնաֆորմատ պատմական քարտեզներ:
Պարոն Հովհաննիսյանը հարցազրույցի ընթացքում հավելեց, որ իրենց ծրագրերին օժանդակում են համայնքային կառույցները, որոնց թվում իր մշտական աջակցությամբ աչքի է ընկել լիբանանահայ համայնքի ապահովագրությամբ զբաղվող «ԱՖՀԻԼ» կազմակերպությունը։
«Համայնքները հոգում են մեր ճանապարհածախսը, ինչպես նաև կեցության և այլ ծախսերը: Այսինքն՝ կարելի է ասել, որ հասել ենք այն հավասարակշռությանը, երբ յուրաքանչյուրս գիտակցում ենք մեր պարտավորություններն ու աշխատանքի չափը»,− խոսքն ավարտեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: