- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐԱՆԿԱԽ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ՝ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Փետրվար 15, 2019 | 17:27
Հասարակություն
ՆՈՐԱՆԿԱԽ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ՝ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում այսօր տեղի ունեցավ «Նորանկախ երկրների քաղաքական կայունությունն արդիականացման պայմաններում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաինա, Մոլդովա)» գրքի շնորհանդեսը:
Վերլուծությունն իրականացվել է «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում» մագիստրոսական ծրագրի և «Գլոբալ կամպուսի» ծրագրի շրջանակում: Գիրքը տպագրվել է ԵՊՀ հրատարակչության կողմից:
Գրքի շնորհանդեսին մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի խոսքով՝ հետազոտության շատ կարևոր և արդիական թեմաների է անդրադարձել, և ստացված արդյունքները հետագայում կարող են շատ օգտակար լինել ինչպես դասախոսների, այնպես էլ հետազոտությամբ զբաղվող ուսանողների համար:
Այնուհետև ներկաներին ողջունեց հետազոտական խմբի գիտական ղեկավար, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս, փորձագետ, քաղ. գիտ. թեկնածու Արուսյակ Ալեքսանյանը:
Վերջինս նախ շնորհակալություն հայտնեց հետազոտող թիմին կատարված ծավալուն աշխատանքի համար և նշեց, որ առաջին անգամ հետազոտական թիմի մեջ ընդգրկվել են նաև ԵՊՀ «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագրի ուսանողներ:
«Այս անգամ մեր կատարած հետազոտությունն ընդգրկում է նորանկախ 9 երկրի կայունությունը պայմանավորող քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացների ու իրավիճակների համակողմանի ուսումնասիրումը 2000-2017 թվականներին, ինչպես նաև դրանց սանդղակավորումը՝ ըստ Քաղաքական համակարգի կայունության ինդեքսի»,-ասաց Արուսյակ Ալեքսանյանը:
Ներկայացնելով գրքի կառուցվածքը՝ Արուսյակ Ալեքսանյանը նշեց, որ այն բաղկացած է 11 գլխից, որոնք իրենց մեջ ներառում են ուսումնասիրության մեթոդաբանությունը, ներերկրային և միջերկրային վերլուծությունները:
«Ըստ կատարված հետազոտության՝ Քաղաքական համակարգի կայունության ինդեքսի առաջին տեղում է Ղազախստանը, երկրորդ տեղում Բելառուսը, երրորդում՝ Վրաստանը: Հայաստանն այս ցանկում 5-րդն է: Պետք է նշեմ, որ այստեղ հաշվի են առնվել նաև ուղիղ ներդրումների քանակը՝ որպես կարևոր և ազդեցիկ գործոն»:
Հետազոտական խմբի անդամ, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Ալեքսանյանն անդրադարձավ այն մեթոդաբանությանը, որով կատարվել է ուսումնասիրությունը:
«Կցանկանամ առանձնահատուկ շեշտել, որ մեր մեթոդաբանությունն արդեն ազգային գործիք է: Այն ստեղծվել և շարունակվում է օգտագործվել Եվրոպական հետազոտությունների կենտրոնի փորձագետների կողմից»,- նշեց Աշոտ Ալեքսանյանը:
Նշենք նաև, որ նախորդ հրատարակությունները մեծ պահանջարկ են ունեցել Եվրոպական հանձնաժողովում, քանի որ դրանց հիման վրա արվել են վերլուծություններ և մշակվել կոնկրետ քաղաքականություն տարբեր պետությունների համար:
Վերջում հյուրերը հնարավորություն ստացան ներկայացված տվյալների մասին հարցեր ուղղել բանախոսներին:
Անի Պողոսյան