- Գլխավոր
- Նորություններ
- ՎԱՆԱՁՈՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԵՊՀ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Հոկտեմբեր 17, 2018 | 17:26
Կրթություն
ՎԱՆԱՁՈՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԵՊՀ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, կենսաբանության, սոցիոլոգիայի, ֆիզիկայի և քիմիայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են Վանաձորի թիվ 5 և «Էվրիկա» բնագիտամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցներ` համալսարանի կրթական ծրագրերը և ֆակուլտետները ներկայացնելու համար:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը նշեց, որ իրենց վարչության կողմից կազմակերպվող մարզային այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:
Նշենք, որ ԵՊՀ դասախոսների այցելությունները մարզերի ավագ դպրոցներ շարունակական բնույթ են կրելու:
Էմին Սանթրոսյանի խոսքով, Հայաստանի մարզերի շուրջ 22 ավագ դպրոցների հետ համալսարանը կնքել է համագործակցության պայմանագրեր, որոնց հետ էլ կազմակերպվում են ԵՊՀ դասախոսների մարզային այցելությունները:
Նա ասաց, որ այս ուստարվա ընթացքում ԵՊՀ ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն արդեն եղել են Աբովյանի թիվ 4 և Եղվարդի ավագ դպրոցներում:
Առաջիկայում ԵՊՀ դասախոսներն այցելելու են Գորիսի, Սիսիանի, Նոյեմբերյանի, Բերդավանի, Գյումրու, Գավառի, Մարտունու, Արմավիրի և Արտաշատի ավագ դպրոցներ:
Հանդիպման ընթացքում դասախոսները համառոտ ներկայացնում են ԵՊՀ ֆակուլտետների պատմությունը, լայնածավալ գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները, աշխատաշուկայի պահանջները: Ելույթներին հաջորդում է նաև քննարկում. ապագա դիմորդները դասախոսներին հարցեր են ուղղում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների կրթական ծրագրերի և մասնագիտացումների մասին:
Է. Սանթրոսյանի խոսքով, ԵՊՀ դասախոսների այցելությունների մասին ավագ դպրոցների և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները շատ դրական են արձագանքում:
Նա նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել Երևանի ավագ դպրոցների աշակերտների այցելությունները համալսարան. նրանք կծանոթանան տարբեր ֆակուլտետների կրթական ծրագրերին և կմասնակցեն լաբորատոր դասընթացներին:
Նադեժդա Տեր-Աբրահամյան