- Գլխավոր
- Նորություններ
- ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՅՈՒՐԱՑՐԱԾ ԳԻՏԵԼԻՔԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Փետրվար 23, 2021 | 16:57
Ուսանողական
ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՅՈՒՐԱՑՐԱԾ ԳԻՏԵԼԻՔԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել և իրականացվել է մասնագիտական վիկտորինա, որի ընթացքում ստուգվել են առաջինկուրսեցիների յուրացրած գիտելիքները:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն ասաց, որ ամեն տարի՝ ուսումնական առաջին կիսամյակից հետո, երբ առաջինկուրսեցիներն արդեն ձեռք են բերում մասնագիտական որոշ գիտելիքներ, նրանց համար կազմակերպվում է վիկտորինա:
Նրա տեղեկացմամբ, միջոցառմանը մասնակցելու համար առաջինկուրսեցիները, ըստ հոսքերի, ձևավորում են խմբեր և մրցում իրար դեմ: Վիկտորինայի հարցերը կազմվում են՝ ըստ ուսումնական առաջին կիսամյակում անցած առարկաների:
Գոհար Ավագյանի խոսքով, հարցերը կազմել են ավագ կուրսերի ուսանողները. «Մասնագիտական ժյուրի չունենք, որովհետև հարցերը կազմվել են այնպես, որ հաղորդավարները տեղում հաշվեն միավորները և որոշեն հաղթող թիմին»:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահը մեզ հետ զրույցում փաստեց նաև, որ այս միջոցառումը լավ հնարավորություն է առաջինկուրսեցիների համար՝ ստուգելու յուրացրած գիտելիքները:
«Բացի դրանից՝ առաջինկուրսեցիներն անցած կիսամյակում, կորոնավիրուսով պայմանավորված, դասերն իրականացրել են հեռավար, և այս միջոցառումն առիթ է ուսանողական կյանքն առավել հետաքրքիր դարձնելու և Ուսանողական խորհրդի աշխատանքներին ներգրավելու համար»,- նշեց Գոհար Ավագյանը:
Այսօր տեղի ունեցած մասնագիտական վիկտորինային մասնակցել է 3 թիմ՝ «Էրուդիտ», «Նիկե-63» և «MVV»: Վիկտորինայի երեք փուլերի արդյունքում հաղթող է ճանաչվել «Նիկե-63» թիմը:
Քնար Միսակյան