- Գլխավոր
- Նորություններ
- ՊՐՈՖԵՍՈՐ ՏԱՄԱՐԱ ԳՈՒԶԵՆԿՈՎԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբեր 14, 2021 | 14:21
Կրթություն
ՊՐՈՖԵՍՈՐ ՏԱՄԱՐԱ ԳՈՒԶԵՆԿՈՎԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եվրասիական փորձագիտական ակումբի հրավերով այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Տամարա Գուզենկովան «ԵԱՏՄ-ն 7 տարեկան է. Եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր և վաղը» խորագրով բաց դասախոսություն կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների համար:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործող Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի հետ կազմակերպված հանդիպմանը ներկա էր նաև ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:
Բանախոսին ներկայացրեց քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արամ Սաֆարյան. «Մեկ անգամ չէ, որ Տամարա Գուզենկովան դասախոսություն է կարդացել համալսարանականների համար, հարկ է նշել, որ նրա դասախոսությունների թեմաները միշտ էլ արդիական և հետաքրքիր են եղել:
Ուստի նախատեսում ենք նմանաբնույթ հանդիպումները շարունակական և պարբերաբար դարձնել, որոնց ընթացքում ՌԴ-ից կհրավիրվեն լավագույն մասնագետներն ու փորձագետները՝ ներկայացնելու ու քննարկելու տարածաշրջանում ընթացող տնտեսաքաղաքական գործընթացները: Այդ հանդիպումները մեզ կօգնեն հասկանալ և ճիշտ ընկալել քաղաքական, ռազմական և տնտեսական գլոբալ փոփոխությունները»:
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսորն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստանի Մայր բուհում իրեն յուրային է զգում, քանի որ բազմիցս հանդիպումներ է ունեցել համալսարանականների հետ. «Ուրախ եմ, որ կրկին ԵՊՀ-ում եմ: Այսօր ես խոսելու եմ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների և դրանցում Հայաստանի՝ որպես լիարժեք անդամի ներգրավվածության մասին: Թեման, հիրավի, քաղաքական և տնտեսական տեսանկյունից բավականին արդիական է: ԵԱՏՄ-ն արդեն 7 տարեկան է, և այդ ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել, որոնք վերլուծության կարիք ունեն, ինչի արդյունքում կնախանշվի նաև հետագա գործընթացների ուղին»,- նշեց բանախոսը և ողջունեց ԵՊՀ-ում Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գործունեությունը:
Տ. Գուզենկովան ընդգծեց, որ Հայաստանն աշխարհում, Հարավային Կովկասում և ԱՊՀ տարածքում միանշանակ յուրահատուկ տեղ ու դեր ունի, քանի որ Հայաստանն առանձնահատուկ առաքելություն ունի. «Հայաստանը Ռուսաստանի պատմական և ռազմավարական գործընկերն է, և այդ առաքելությունը կարմիր գծով անցնում պետության ռազմաքաղաքական ու տնտեսական բոլոր փուլերով: Հայաստանի համար շատ կարևոր խնդիր է նաև գոյատևել ու զարգացնել ազգային ու տնտեսական դաշտն իր համար բավականին բարդ աշխարհաքաղաքական տարածքում:
Ուստի, այդ տեսանկյունից ևս պետության վրա դրված է մեծ առաքելություն ու կարևոր պարտականություն»:
Դասախոսությունից հետո պրոֆեսորը պատասխանեց նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին:
Հավելենք, որ Տ. Գուզենկովան երկար տարիներ եղել է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն ու հետխորհրդային և եվրասիական ինտեգրացիոն գործընթացների փորձագետ է: