- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԼԱՆԴՇԱՖՏՈՎ ՄՐՑՈՒՆԱԿ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ». ՀԱՅԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Սեպտեմբեր 28, 2018 | 13:11
Կրթություն
Գիտություն
Հասարակություն
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԼԱՆԴՇԱՖՏՈՎ ՄՐՑՈՒՆԱԿ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ». ՀԱՅԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի ներկայացրած ««Հիշողության լանդշաֆտը» որպես հնագիտական հետազոտության առարկա (ըստ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջանների նյութերի, Ք.ա. III‐I հազ.)» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
Հնագիտության և ազգագրության ամբիոնը միշտ շատ ակտիվ մասնակցել է գիտության պետական կոմիտեի կողմից ներկայացված մրցույթներին ու դրամաշնորհային ծրագրերին: Այս տարի նրանց թմանան ևս արժանացել է թեմատիկ ֆինանսավորման:
Պարոն Ավետիսյանն ասաց, որ շատ ուրախ, որ իր կողմից առաջարկված թեման ֆինանսավորվելու է, որովհետև լավ հնարավորություն է անդրադառնալու ոլորտի խնդիրներին:
«Մեր առաջարկած թեմայի շրջանակում դիտարկում ենք Հայկական լեռնաշխարհի՝ հատկապես հյուսիս-արևելյան շրջանների՝ Սյունիք-Արցախ տարածքում, ք. ա. 3-1 հազարամյակների բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի հնամշակութային աշխարհի արժեքները»,- պարզաբանում է պրոֆեսորը:
«ysu.am»-ի այն հարցին, թե ինչու ընտրվեց հենց այս թեման, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը պատասխանում է. ««Հիշողությունների լանդշաֆտը» շատ հետաքրքիր թեմա է, որովհետև այն կարող է պատասխանել հայերի պատմության, մշակույթի, բնակության վայի մասին բազմաթիվ հարցերի: Համաշխարհային պատմության ուսումնասիրելիս, օրինակ, Միջին Ամերիկայում ապրած ժողովուրդների՝ ատստեկների, ինկերի մասին մենք տեղեկանում ենք նրան բնակավայրում կատարված հնագիտական հետազոտությունների և գիտական աշխատանքների շնորհիվ: Մենք գիտենք, որ եղել է այդպիսի քաղաքակրթություն, քանի որ Միջին Ամերիկայի լանդշաֆտը պահում է դրանց մասին հիշողությունը տաճարների, համալիրների, տարատեսակ կառույցների կամ իրերի միջոցով: Հայերը ևս առանձնահատուկ են վերոնշյալ ժողովուրդների նման. նրանք ևս հազարամյակների հիշողություններ պահած լանդշաֆտ ունեն, բայց ի տարբերություն նրանց՝ մինչև հիմա ապրում են ու զարգացնում իրենց քաղաքակրթությունը: Դա զարմանալի է, և դրա մասին պիտի խոսել»:
Առաջարկած թեմայի արդիականության մասին խոսելով՝ Ավետիսյանն ասաց, որ սա ոչ միայն գիտական, այլև քաղաքական ու տնտեսական ձեռքբերում կլինի. «Ինչպես գիտեք, մենք հիմա ունենք տարածքային խնդիրներ մեր հարևանների հետ: Զերծ մնալով մերկապարանոց հայտարարություններից, թե ամբողջ ազգերը առաջացել են հայերից, կամ հայերը տերն են եղել կովկասյան հողերին, գիտական փաստերով կարող ենք ցույց տալ, որ գոնե Սյունիքում ու Արցախում հայ ժողովուրդը բնակվել է դեռ մինչ վերոնշյալ հակամարտությունները: Այս գիտական թեմայի արդյունքում ստեղծված հետազոտության շնորհիվ մենք համաշխարհային ասպարեզում Արցախում դարեր շարունակ հայերի բնակվելու մասին ևս մեկ ապացույց կունենանք: Բացի այս՝ հազարամյակների քաղաքակրթություն ունեցող ժողովրդի լանդշաֆտը ժամանակակից զբոսաշրջության համար մեծ արժեք է»:
Գիտական այս թեման ղեկավարում է Հայկ Ավետիսյանը, իսկ նրա թիմի անդամներն են պատմական գիտությունների թեկնածու, դոցենտներ Արսեն Բոբոխյանը և Արտակ Գնունին: Թիմում կարևոր աշխատանք է կատարում նաև ամբիոնի ասպիրանտ Մարիամ Շահմուրադյանը:
««Հիշողության լանդշաֆտը» որպես հնագիտական հետազոտության առարկա» թեման ուսումնասիրելուց հետո հետազոտության արդյունքները հավանաբար կներկայացվեն մենագրության ձևով»,- հավելեց պարոն Ավետիսյանը:
Մարինե Առաքելյան