- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ». ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 23, 2018 | 17:47
Կրթություն
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ». ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնը կազմակերպել էր գիտագործնական սեմինար «Մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանական հիմունքները» թեմայով:
Սեմինարը կտևի երկու օր, և գրանցված մասնակիցները վերջում վկայականներ կստանան: Գիտագործնական սեմինարի ընթացքում ելույթ կունենան մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի առաջատար մասնագետներ:
Սեմինարի ժամանակ զեկուցումով հանդես եկավ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:
Պարոն Ավանեսյանը ներկայացրեց մարդկային ռեսուրսների կառավարումից մինչև մարդկային կապիտալի զարգացման գործընթացը:
«Ժամանակակից աշխարհում գնալով ավելի շատ է կարևորվում մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործընթացը,- նշեց բանախոսը,- հատկանշական է, որ այս հարցում համագործակցում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տնտեսագիտությունն ու հոգեբանությունը: Այս համագործակցության շնորհիվ ոլորտում առկա խնդիրների հաղթահարումն առավել արդյունավետ է դառնում»:
Ըստ բանախոսի՝ հոգեբանական գիտելիքների օգտագործումը կառավարման ոլորտում կարող է դառնալ առաջընթացի գրավական:
Խոսելով մարդկային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի մասին՝ Հրանտ Ավանեսյանը նկատեց, որ այդ հայեցակարգերը հաստատուն չեն և դրսևորում են զարգացման որոշակի միտումներ:
Ըստ այդմ՝ մասնագետների հիմնական խնդիրն է արձագանքել այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում ինչպես հասարակության մեջ, այնպես էլ շուկայում:
Word Economic Forum-ը «մարդկային կապիտալը» սահմանել է որպես գիտելիք և մասնագիտական որակավորում, որոնց շնորհիվ մարդիկ տնտեսական արժեքներ են ստեղծում:
«Այս սահմանումից կարելի է ենթադրել, որ մարդկային կապիտալի տեսությունը նախատեսում է որոշակի կապ կրթության մակարդակի, արտադրության ծավալի, փորձի և աշխատավարձի միջև»,- պարզաբանեց բանախոսը:
Սահմանումից բացի՝ առանձնահատուկ կարևորվում է ոլորտում ներդրումներ իրականացնելու գործընթացը: Այստեղ առաջանում է այն տրամաբանական հարցը, թե ի՞նչ է նշանակում ներդրումներ կատարել մարդկային կապիտալի մեջ:
«Իրականում մարդկային կապիտալում արված և ոչ մի ներդրում չի կարող անօգուտ լինել, նույնիսկ եթե փոքր տարիքում ձեր ծնողները վճարել են նրա համար, որ դուք դաշնամուրի գնաք, իսկ հետո դուք փոշմանել եք, միևնույն է, ձեր իմացածն ինչ-որ իրավիճակում ձեզ պետք է գալու: Անհատի վրա արված ծախսերի շնորհիվ աճում են նրա արտադրողական որակները և բնութագրիչները»,-շեշտեց ամբիոնի վարիչը:
Այնուհետև մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական գործառույթների մասին խոսեց «Թարգեթ Գրուպ» ՓԲԸ մարդկային ռեսուրսների ղեկավար Հասմիկ Վարդանյանը:
Ներկայացնելով ՄՌ կառավարման հիմնական գործառույթները՝ Հասմիկ Վարդանյանը նշեց, որ այստեղ խոսքը միայն աշխատողների գնահատման, մոտիվացիայի, հավաքագրման մասին չէ:
Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետն անպայման պետք է մասնակցի ընկերության ռազմավարության պլանավորման գործընթացին:
«Հենց այդ մշակված ռազմավարությունը պետք է օգնի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետին կողմնորոշվել մնացած բոլոր գործընթացներում»,- հավելեց Հասմիկ Վարդանյանը:
Ըստ բանախոսի՝ ինչպես գործատուն է ընտրում իր աշխատողին, այնպես էլ աշխատողը՝ իր գործատուին, և շատ հաճախ աշխատողների մոտիվացիան ապահովում է ոչ թե բարձր աշխատավարձը, այլ այնպիսի գործոններ, ինչպիսիք են գործունեության շրջանում ունեցած ինքնուրույնությունը, անձնական աճը և թիմային նպատակը:
Անի Պողոսյան