- Գլխավոր
- Նորություններ
- ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Սեպտեմբեր 26, 2019 | 17:13
Հասարակություն
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Այսօր տեղի ունեցած ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ հրապարակվել է ակադեմիական ազատության հռչակագիրը, որն այն հիմնարար սկզբունքների և արժեքների արտացոլումն է, որոնց վրա խարսխված է համալսարանների գործունեությունը:
Ակադեմիական ազատության հռչակագիրը համամարդկային արժեքների և ազգային ինքնության պահպանման գործում կարևորում է ակադեմիական հանրության դերն ու նշանակությունը: Հասարակական կյանքի արդի փոխակերպումների համատեքստում համալսարանների գործունեությունը պարբերաբար առնչվում է արտաքին և ներքին այնպիսի մարտահրավերների, որոնց դիմագրավելու համար համալսարանը պետք է ունենա ակադեմիական ազատությունների վրա հիմնված իրական ինստիտուցիոնալ անկախություն:
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆՀՌՉԱԿԱԳԻՐ
Երևանի պետական համալսարանը, արտահայտելով համալսարանական ողջ հանրության միասնական կամքը, ելնելով «Համալսարանների մեծ հռչակագրի» դրույթներից, հիմք ընդունելով պետությունից բուհերի անկախ լինելու վերաբերյալ ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների ոլորտում կրթության և վերապատրաստման» հռչակագրի պահանջը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համապատասխան դրույթները՝
ՀՌՉԱԿՈՒՄ Է
- Բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարությունն իրենց ստանձնած կրթական, հետազոտական և սոցիալ-մշակութային առաքելության իրականացման, ինչպես նաև ակադեմիական ազատության ապահովման անհրաժեշտ գրավականն է։
- Բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարությունը խարսխված է արդյունավետ մասնակցային կառավարման և ակադեմիական ազատությունների ապահովման վրա։
- Բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարությունը լիարժեք է ակադեմիական ազատության անհրաժեշտ բոլոր նախադրյալների ապահովման դեպքում։
- Ակադեմիական ազատությունը մրցունակ բուհի, նորարարական ծրագրերի և նախաձեռնությունների մշակման ու ներդրման, գիտակրթական գործընթացի արդյունավետության բարձրացման և ապաքաղաքականացման կարևոր գործոններից մեկն է։
- Ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամի գործունեության հիմքում պետք է ընկած լինի ակադեմիական ազատությունը, ինչը ենթադրում է՝
- բուհը երաշխավորում է կրթական և հետազոտական գործընթացի անկախությունն ակադեմիական ազատություններին հակասող արտաքին և ներքին գործոնների ազդեցությունից,
- ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամ ազատ է իր հետազոտություններում և դրանց արդյունքների հրապարակման գործում, ինչը, սակայն, չի բացառում համապատասխան այլ պարտականությունների պատշաճ կատարումը,
- դասախոսները և ուսանողները լսարանում ազատ են իրենց մասնագիտական քննարկումներում,
- ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամ հանրային կարևորության հարցերի շուրջ ազատ արտահայտվելու իրավունք ունի, ինչը միևնույն ժամանակ ենթադրում է նաև պատասխանատվություն,
- ակադեմիական ազատության միակ սահմանափակումն անհատական և հանրային պատասխանատվությունն ու հանձնառությունն է հաստատության, հասարակության և պետության նկատմամբ։