- Գլխավոր
- Նորություններ
- ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
Դեկտեմբեր 16, 2019 | 14:21
Քաղաքականություն
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
28 տարի առաջ՝ դեկտեմբերի 16-ին, Հասանաբադ գյուղի մատույցներում հերոսաբար զոհվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ-ազատամարտիկ Վարդան Բախշյանը, իսկ այսօր հերոսի անունը կրող դպրոցի աշակերտներն այցելեցին Վ. Բախշյանի հարազատ ֆակուլտետ՝ մանրամասն լսելու և ծանոթանալու հերոսի ապրած կյանքին և ուսումնառության տարիներին:
Ներկաների թվում էին Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, միջոցառման կազմակերպիչ, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, Վարդան Բախշյանի մայրը՝ տիկին Աիդան, քույրը՝ Աննա Բախշյանը, Արմավիրի թիվ 2 հիմնական Վարդան Բախշյանի անվան դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը հյուրերին դիմավորելուց հետո խոսեց ԵՊՀ առաջնեկ ֆակուլտետի ստեղծման և գործունեության մասին, անդրադարձավ ֆակուլտետի շրջանավարտներին ու նրանց անձնվեր գործին Արցախյան ազատամարտի տարիներին:
Պարոն Մինասյանը Վարդան Բախշյան հերոսին հիշեց որպես կազմակերպված, խելացի ու հայրենասիրությամբ աչքի ընկնող մի երիտասարդի, որը, թողնելով ուսումը, մասնակցեց համընդհանուր պայքարին. «Արցախի ազատագրումը Վարդանի ամենամեծ և նվիրական երազանքն էր: Նա էլ, շատ տղաների պես զենքը վերցնելով, իրենով նշանավորեց ազատագրական պայքարի նոր փուլը»:
Վ. Բախշյանի մայրիկի՝ տիկին Աիդայի խոսքով, իր որդին մեծ ոգևորությամբ էր ուսանում ԵՊՀ պատմության ֆակուլտետում:
«Նա տատիկի մոտ էր բնակվում և շաբաթը մեկ անգամ գալիս էր Արմավիր՝ գրքերը շալակած, դեմքի երջանիկ արտահայտությամբ: Վարդանս ստեղծված էր այդ ֆակուլտետի և պատմության մեջ իր անձնվեր գործով մնալու համար,- նշեց հերոսի մայրը և հավելեց:- Այնուամենայնիվ, հայրենիքի հանդեպ սերը գերադասելի էր, ուստի նա մեկնեց ռազմադաշտ՝ գիտակցելով, որ գիտությունը կսպասի, հայրենիքի պաշտպանությունը՝ ոչ»:
Տիկին Աիդայի կարծիքով, աշակերտների մասնագիտական այցերը ԵՊՀ շատ կարևոր են, քանի որ նրանք ծանոթանում են բուհի պատմությանը, ֆակուլտետների գործունեությանը, կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում:
Արմավիրի թիվ 2 հիմնական՝ Վարդան Բախշյանի անվան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներից Աղասի Դոմիկյանի խոսքով, սա լավագույն առիթն էր իրենց հերոսի հարազատ բուհում լսելու նրա մասին, լինելու այն լսարաններում, որտեղ եղել է Վ. Բախշյանը:
Նշենք, որ միջոցառման մասնակիցները եղան Հնագիտության և ազգագրության ամբիոնի լաբորատորիայում, ինչպես նաև շրջեցին ֆակուլտետի ամբիոններով, ինչից հետո դպրոցականները, մանկավարժները, դասախոսները և ուսանողները Վարդան Բախշյանի հարազատների հետ այցելեցին նաև ՀՀ ՊՆ Եռաբլուր հուշահամալիր-պանթեոն՝ ծաղիկներ դնելու ազատամարտիկի շիրիմին:
Անգին Խաչատրյան