- Գլխավոր
- Նորություններ
- «ԴՈՒՔ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՔ, ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ». N 105 ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 08, 2018 | 17:18
Հասարակություն
«ԴՈՒՔ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՔ, ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ». N 105 ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ մինչհամալսարանական վարչությունն այսօր կազմակերպել էր Երևանի N 105 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների այցը համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ:
ysu.am-ի հետ հարցազրույցում Երևանի N 105 ավագ դպրոցի 10-րդ դասարանի տնտեսագիտական հոսքի դասղեկ Շուշան Իսրայելյանն ասաց. «Մեր աշակերտները եկել են ԵՊՀ իրենց մասնագիտական կողմնորոշումն ավելի ճշգրիտ ձևավորելու նպատակով»:
Տիկին Իսրայելյանը նշեց, որ ցանկանում են նաև գործնականում ծանոթանալ ինչպես համալսարանի, այնպես էլ ֆակուլտետի հետ:
Ավագ դպրոցի աշակերտներին ողջունեց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը: Նա խոսեց ֆակուլտետի անվանափոխության մասին. «Ժամանակակից տնտեսագիտությունն էապես կարևորում է կառավարման համակարգը, այդ պատճառով ֆակուլտետը վերանվանվեց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի»:
Դեկանը կարճ ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, գործունեությունը և ուսուցման ծրագրերը: «Կառավարումը կարևորագույն հանգույց է արդյունավետ տնտեսություն ունենալու համար»,- հավելեց նա:
Ֆակուլտետի դեկանը հաջողություն մաղթեց աշակերտներին, պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցելու դպրոցականներին յուրաքանչյուր հարցում և խոսքը փոխանցեց ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանին:
Պարոն Խաչատրյանը ողջունեց աշակերտներին. «Ուրախ եմ տեսնել ձեզ Երևանի պետական համալսարանում: Վստահեցնում եմ, որ ԵՊՀ-ն, հատկապես Տնտեսագիտություն և կառավարման ֆակուլտետը, միշտ բաց է նմանատիպ հանդիպումներ կազմակերպելու համար, և պատրաստ է քննարկելու աշակերտներին հուզող տարբեր հարցեր, որովհետև մենք կարևորում ենք ապագա դիմորդների հետ աշխատանքը՝ անկախ նրանից, թե որ համալսարանում նրանք կորոշեն սովորել»:
Պարոն Խաչատրյանն ինտերակտիվ դասի միջոցով N 105 դպրոցի աշակերտների հետ խոսեց ձեռնարկատիրությանն անհրաժեշտ որոշակի հմտությունների, գիտելիքների ու ունակությունների մասին:
Նա դասախոսությունը սկսեց հետաքրքիր մի փաստով. Համաշխարհային բանկը վերջերս մի հետազոտություն է կատարել, ըստ որի՝ աշխարհի բնակչության միայն 6 տոկոսն է օժտված ձեռնարկատիրական ունակություններով:
Ուսանողներն այս դասի միջոցով ծանոթացան ձեռնարկատիրության տարբերակիչ հատկանիշներին, որոնք են նախաձեռնողականությունը, ռիսկի դիմելու քաջությունը, նորարարությունները, արագ կողմնորոշվելու ու ճիշտ որոշում կայացնելու ունակությունները: Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչն առանձին-առանձին ներկայացրեց այդ հատկանիշները, օրինակների միջոցով բացատրեց դրանք, պատասխանեց աշակերտների հարցերին:
«Դուք մեծ ներուժ ունեք, պահանջվում է միայն աշխատասիրություն: Իմ խնդիրն է ձեզ մատուցել մտածելու որոշակի ազդակներ: Դուք պետք է որոշակի աշխարհայացք ձևավորեք. դա է կարևորը»,- դասախոսությունը եզրափակեց նա:
Մարինե Առաքելյան