- Գլխավոր
- Նորություններ
- ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
Դեկտեմբեր 07, 2018 | 16:33
Քաղաքականություն
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող «Մասնագիտական կողմնորոշման օր» ծրագրի շրջանակում այսօր Երևանի N 170 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները Մայր բուհի կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով այցելեցին ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ:
Իրավագիտության ֆակուլտետում աշակերտներին դիմավորեց ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի խորհրդատու Գոհար Ավագյանը, որը նրանց ներկայացրեց ֆակուլտետի կրթական ծրագրերը և Իրավաբանական կլինիկայի գործունեության կարգը:
Հանդիպման ընթացքում Գոհար Ավագյանն ապագա ուսանողներին պատմեց մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, մարդու իրավունքների և պարտականությունների տարբերությունների մասին, ինչպես նաև ներկայացրեց անչափահասների` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները:
Նա ավելի մանրամասն նկարագրեց, թե ինչպես անչափահասները կարող են վերականգնել ու պաշտպանել իրենց խախտված իրավունքները: Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվեցին ՀՀ գործող դատական ատյանների կարգը, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, մասնավորապես կրթության և խոսքի ազատության իրավունքները: Գ. Ավագյանը խոսեց նաև անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին:
Հարցուպատասխանի միջոցով աշակերտների համար պարզաբանեցին ՀՀ քրեական դատավարության հետ կապված որոշակի հիմնարար սկզբունքներ, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսդրության մեջ կողոպուտի, շորթման և գողության տարբերությունները:
Ըստ Գ. Ավագյանի՝ նման հանդիպումները բարձրացնում են աշակերտների իրավագիտակցության մակարդակը:
Հաջորդ հանդիպումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում էր:
Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանն աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, ինչպես նաև մասնագիտական առաձնահատկությունները:
Կարևորելով օտար լեզուների իմացությունը՝ պարոն Չալըմյանը նշեց, որ դիվանագետի լավագույն զենքը հենց օտար լեզվի իմացությունն է:
Աշակերտները ոգևորությամբ մասնակցեցին դասին: Նրանցից Էմիլ Չոբանյանը նպատակ ունի ընտրելու հենց դիվանագետի մասնագիտությունը:
Էմիլի բնորոշմամբ, այս այցը լավագույն օգնությունն էր աշակերտներին: