- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Նոյեմբեր 09, 2018 | 17:03
Հասարակություն
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր բաց դռների օր էր:
Ֆակուլտետը հյուրընկալել էր Երևանի N 139 և N 184 ավագ և N 108 միջնակարգ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները:
Աշակերտներին սկզբում դիմավորեց Մինչհամալսարանական կրթության վարչության աշխատակից Սաթենիկ Աբրահամյանը, որից հետո նրանք հանդիպեցին Կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանի, Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագյուլյանին ու Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանի հետ:
Աննա Կարապետյանն աշակերտներին ներկայացրեց Կենսաբանության ֆակուլտետի կառուցվածքը, մասնագիտության առանձնահատկություններն ու նրբությունները. «Կենսաբանությունը մի գիտություն է, որը փոխկապակցված է բոլոր գիտությունների հետ: Մարդը կենսաբանությանն առնչվում է ողջ կյանքի ընթացքում»,- ասաց ամբիոնի վարիչը:
Վերջինս անդրադարձավ մարդուն, բնությանն ու կենդանական աշխարհին սպառնացող խնդիրներին, վտանգներին և հրավիրեց աշակերտների ուշադրությունը:
Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի կարևորության և հիմնախնդիրների մասին խոսեց ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագյուլյանը: Նա ներկայացրեց, թե որքան պահանջված են աշխատաշուկայում բուսաբաններն ու սնկաբանները:
Ծանոթանալով ֆակուլտետի կառուցվածքին՝ աշակերտները շրջեցին ամբիոներով, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, լսեցին դասախոսություններ:
Երևանի N108 միջնակարգ դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհին Ն. Անատոլյանը, որը հենց Կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտներից է, փաստեց, որ այս այցելություններն օգնում են աշակերտներին մասնագիտության կողմնորոշման հարցում:
Անգին Խաչատրյան