- Գլխավոր
- Նորություններ
- ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 04, 2018 | 15:02
Քաղաքականություն
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր Արարատի մարզի Ոսկետափ գյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն այցելեցին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ:
Ոսկետափի ավագ դպրոցը ՀՀ այն դպրոցներից մեկն է, որտեղ չկան անհրաժեշտ սարքավորումներ և քիմիական նյութեր: Դպրոցի տնօրեն Սերգեյ Ազարյանի նախաձեռնությամբ աշակերտները Քիմիայի ֆակուլտետում իրականացրին գործնական պարապմունքներ:
Աշակերտների հետ հանդիպման ժամանակ Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը: Նա նշեց, որ ֆակուլտետում կրթությունն իրականացվում է երկու հիմնական կրթական ծրագրով՝ «Քիմիա» և «Սննդի անվտանգություն»: Ֆակուլտետում առկա են ժամանակակից սարքավորումներով հագացած լաբորատորիաներ, որոնք հնարավորություն են տալիս պատրաստելու այդ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող բանիմաց մասնագետներ:
Այնուհետև աշակերտները շրջեցին ֆակուլտետի լաբորատորիաներով և ծանոթացան սարքավորումներին: Նրանց համար ֆակուլտետի աշխատակիցները կատարեցին հետաքրքրաշարժ փորձեր: Ծանոթացրեցին ամբիոներում կատարվող գիտական և ուսումնական աշխատանքներին: Աշակերտները մասնակցեցին «Սննդի անվտանգություն» բաժնի երրորդ կուրսի «Սննդի տեխնոլոգիա» առարկայի լաբորատոր դասին:
Քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը աշակերտների համար պատրաստել էր «Աչքերը և քիմիան» թեմայով դասախոսություն:
Աշակերտներին ուղեկցող ուսուցիչներն ասացին, որ դպրոցի սաները ոգևորությամբ են եկել համալսարան և ուշադրությամբ հետևում են գործնական աշխատանքներին.
«Հուսով ենք, որ ԵՊՀ այցելությունն աշակերտներին կօգնի կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում»,- նշեց Ոսկետափ գյուղի ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Արմինե Բաղրամյանը:
Աշակերտներն ակտիվորեն մասնակցեցին գործնական պարապմունքներին և փորձերին, այնուհետև ծանոթացան Մայր բուհին, շփվեցին ուսանողների հետ:
Անգին Խաչատրյան