- Գլխավոր
- Նորություններ
- «ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԲԵՔ ՄԻ ԿՈՐՑՐԵՔ ՁԵՐ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒԳԸ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Փետրվար 18, 2019 | 17:03
Ուսանողական
«ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԲԵՔ ՄԻ ԿՈՐՑՐԵՔ ՁԵՐ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒԳԸ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Արամ Սիմոնյանն այսօր հանդիպեց ԵՊՀ ՈՒԳԸ ԳԽ անդամների հետ՝ քննարկելու և պարզաբանելու ընթացիկ մի շարք հարցեր:
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ուստարվա երկրորդ կիսամյակում սա ՈՒԳԸ-ի ներկայացուցիչների առաջին հանդիպումն է ԵՊՀ ռեկտորի հետ. «Կան հարցեր, որոնք առնչվում են մեր պարբերականին, ինչպես նաև տարեկան գիտական նստաշրջանին: Ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահները նույնպես ունեն իրենց հարցերը և առաջարկությունները, որոնք կբարձրաձայնեն»:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովների ու ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահները:
Վահագն Վարագյանն առաջարկեց հանդիպումներն ավելի հաճախ կազմակերպել՝ ֆակուլտետներում ՈԻԳԸ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար:
ԵՊՀ ՈԻԳԸ նախագահը ռեկտորին ներկայացրեց տարեսկզբին ծագած խնդիրը, երբ ԲՈԿ-ը հրապարակել էր ճանաչելի պարբերականների ցանկը. «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուն մինչ այս տարեգիրք էր, մինչդեռ ԲՈԿ-ի նոր չափորոշիչների համաձայն՝ պարբերականը պետք է հրատարակվի տարեկան առնվազն երկու անգամ: Մենք հանդիպեցինք ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հետ, որոշեցինք նոր ծրագիր կազմել ու ներկայացնել ԵՊՀ գիտխորհրդի հաստատմանը»:
Վանատուր Շերենցը տեղեկացրեց նաև, որ ժողովածուի նոր համարների շնորհանդեսը տեղի է ունենալու փետրվարի 20-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում:
Արամ Սիմոնյանն ՈՒԳԸ-ի ներկայացուցիչներին հավաստիացրեց, որ ժողովածուի վերաբերյալ տեխնիկական բոլոր հարցերը լուծելի են, և խորհուրդ տվեց առավել մեծ ուշադրություն դարձնել տպագրվող հոդվածների բովանդակությանը՝ հետևելով, որ դրանցում պարտադիր ապահովված լինի գիտականությունը:
«Հետևեք, որ տպագրվող հոդվածներում գրագողություններ չլինեն: Նախկինում այս երևույթի համար խստորեն պատժում էին գիտնականներին: Հիմա կարծես թե փոխվել է մարդկանց վերաբերմունքը, բայց այդ երևույթը մեծագույն դժբախտություն է գիտության զարգացման համար: Ես այսօր ձեզ հորդորում եմ. միշտ հիշեք՝ գրագողությունն ամենաամոթալի երևույթներից մեկն է մարդու ստեղծագործական կյանքում: Գիտական գործունեության ընթացքում երբեք մի կորցրեք ձեր ազնվությունը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշանիկ Հարությունյանն առաջարկեց բակալավրիատի ուսումնական ծրագրում ներառել դասընթաց, որի շրջանակում ուսանողներին կներկայացվի, թե ինչ է գիտական աշխատանքը, ինչպես իրականացնել այն, ինչ չափորոշիչներ կիրառել և այլն. «Շատ ուսանողներ գրում են գիտական հոդվածներ՝ ոչ միտումնավոր կատարելով գրագողություն: Պարզապես նրանցից շատերը չգիտեն էլ, թե ինչ է նշանակում պլագիատ ու ինչպես խուսափել դրանից»:
Արամ Սիմոնյանն ասաց, որ ԵՊՀ ղեկավարությունն արդեն քայլեր ձեռնարկել է այդ հարցի շուրջ. «Այսպիսի մի դասընթաց մենք արդեն մշակել ենք: Սեպտեմբերից այն ներառվելու է ուսումնական ծրագրում: Ես համաձայն եմ, որ դեռևս բակալավրիատի ուսանողներին մենք պիտի սովորեցնենք, թե ինչ է գիտական աշխատանքը, և ինչպես պետք է գրել այն»:
Ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահները հանդիպման ընթացքում հանդես եկան առաջարկներով, որոնց ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտորը կոչ արեց գրավոր ձևակերպել դրանք և ներկայացնել՝ խոստանալով քննարկել ԵՊՀ գիտխորհրդում:
Քնար Միսակյան