- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ/Պ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԵՎ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» ՌՀԴԱ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Սեպտեմբեր 11, 2019 | 14:58
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ/Պ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԵՎ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» ՌՀԴԱ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հարազատների և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ուսանող-անդամների հետ։
Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը և «Վարդանանք» ՌՀԴԱ-ի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը։
Հանդիպման սկզբում «Վարդանանք» ՌՀԴԱ-ի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը ողջունեց ներկաներին ու շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին հանդիպմանը ներկա գտնվելու համար։ Նա նշեց, որ այսօր իրենց համար շատ կարևոր օր է, քանի որ Վարդան Հովհաննիսյանի հիշատակի օրն է։
«Մեր հանդիպումը համալսարանի հարյուրամյակին է նվիրված։ Համալսարանական զոհված ուսանող-ազատամարտիկների հարազատների և վարդանանքցիների համար շատ կարևոր է համալսարանը։ Որտեղ էլ որ լինենք, մեր 25 տարվա գործունեությամբ, իրականացրած ծրագրերով ներկայացնում ենք մեր բուհը»,- ասաց Ս․ Աբրահամյանը և պատմեց 100-ամյակին նվիրված իրենց կազմակերպած միջոցառումների մասին։
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նույնպես ողջունեց համալսարանականներին և առիթն օգտագործեց ներկայացնելու համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքն ու ապագա անելիքները։
Խոսելով 100-ամյա համալսարանի մասին՝ Գ.Գևորգյանն ասաց, որ համալսարանը շատ դժվարին ժամանակաշրջանում է ստեղծվել. «Չնայած դրան՝ ամեն ինչ արվել է, որ այն կայանա։ Սա մեզ համար նաև դաս է, որ կարելի է շատ սուղ պայմաններում ձեռնարկել և հաջողել շատ մեծ գործեր։ Ինձ համար այս դասը շատ կարևոր էր»։
Ապա ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց ներկաների հարցերին և լսեց առաջարկներ «Վարդանանք» ՌՀԴԱ-ին նոր աշխատանքային սենյակ տրամադրելու մասին։
Միջոցառման վերջում ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հարազատների և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ուսանող-անդամներին բաժանվեցին համալսարանի հրատարակչության կողմից լույս ընծայած Կենսագրական հանրագիտարանները, որտեղ զետեղված են նաև ԵՊՀ ուսանող-ազատամարտիկների կենսագրությունները։