- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Դեկտեմբեր 12, 2018 | 15:59
Կրթություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը (WWF-Caucasus) դեկտեմբերի 3-7-ը Թբիլիսիում կազմակերպել էր Կովկասյան էկոռեգիոնի պահպանման պլանի վերանայման տարածաշրջանային հանդիպում, որին մասնացել են ԵՊՀ ներկայացուցիչները:
Հանդիպման մասնակից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակից Աստղիկ Ղազարյանի խոսքով, տարածաշրջանային հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի լավագույն մասնագետները, Բնապահպանության նախարարության աշխատակիցները, ինչպես նաև Բնության համաշխարհային հիմնադրամի վերոնշյալ երկրների մասնաճյուղերի ներկայացուցիչները:
Հայաստանից ժամանած մասնագետների շարքում ընդգրկված են եղել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը, աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանը և Տիգրան Հայրապետյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Սամվել Պիպոյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Կարեն Աղաբաբյանը, Բնապահպանության նախարարության աշխատակիցներ և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF – Հայաստանի) ներկայացուցիչներ:
Ա. Ղազարյանը նշեց, որ հանդիպման ընթացքում յուրաքանչյուր երկրից ժամանած մասնակիցներն անցկացրել են կլոր սեղան-քննարկում, որի ժամանակ ճշգրտվել են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի տեսակների ցուցակները՝ ըստ պետությունների, յուրաքանչյուր պետության վտանգված տեսակների տարածման արեալները, քննարկվել են պահպանվող լանդշաֆտների և նրանց կենսաբազմազանության պահպանման ծրագրերը, ներկայացվել են էկոտարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման համար միջանցքները և պահպանվող տարածքները:
Կլոր սեղան-քննարկումից հետո յուրաքանչյուր երկրի մեկ ներկայացուցիչ ներկայացրել է աշխատանքային խմբի իրականացված աշխատանքները, քարտեզները և հետագա պլանները:
Նադեժդա Տեր-Աբրահամյան