- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐԻՆ
Նոյեմբեր 23, 2018 | 18:06
Քաղաքականություն
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն այսօր ներկայացրեց ֆակուլտետի անցած ուստարվա հաշվետվությունը և խոսեց նոր նախաձեռնությունների մասին։
Ֆակուլտետի ընդլայնված նիստի սկզբում ընտրվեց նախագահ, այնուհետև հաստատվեց օրակարգը։
Պարոն Մելքոնյանը ներկաներին ողջունելուց հետո ընդհանուր գծերով ներկայացրեց անցած տարվա ընթացքում ֆակուլտետի ձեռքբերումները. «Պետք է խոստովանեմ, որ անցնող տարին բավականին հարուստ էր տարատեսակ միջոցառումներով, ձեռքբերումներով և ծրագրերով»։
Հիշեցնենք, որ Ռուբեն Մելքոնյանը Արևելագիտության ֆակուլտետի դեկան է ընտրվել մեկ տարի առաջ, և նա այս հաշվետվության ժամանակ անդրադարձավ նաև իր նախընտրական ծրագրում ընդգրկված կետերին, որոնց մեծ մասն արդեն իրագործվել է։
Դեկանն առաջին հերթին նշեց, որ ֆակուլտետում ստեղծվել է «ազատ խոսափող» հարթակ, որի միջոցով ուսանողները բարձրացրել են իրենց հուզող գլոբալ հարցեր, որոնցից շատերին լուծումներ են տրվել։
Հաշվետվության մեջ ֆակուլտետի բազմաթիվ գիտական նվաճումների կողքին նա հիշատակեց այս տարի նոյեմբերին կազմակեպված «Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրես»-ի մասին և ասաց, որ այն պետք է դառնա պարբերական։ Ապագա անելիքների մասին խոսելիս պարոն Մելքոնյանը հայտնեց, որ դեկտեմբերին Արևելագիտության ֆակուլտետում մեկնարկելու է «Արևելագիտական ընթերցումներ» խորագրով ֆակուլտետային գիտաժողով, որն անցկացվելու է երկու տարին մեկ։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հաշվետվության մեջ կարևոր կետ էր ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումը, որը, նրա խոսքով, դարձավ համապետական նշանակության իրադարձություն թե՛ իր ներկայացուցչական ընդգրկմամբ՝ ՀՀ նախագահ, նախարարներ ու դիվանագետներ, թե՛ մամուլում ունեցած դրական արձագանքներով։
«Ֆակուլտետի ռազմավարական ծրագրով նախատեսվում է լեզուների դասավանդման պայմանների բարելավում։ Մենք այս տարի ունենք մեկ լինգո լսարան Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ, իսկ հիմա ուսումնասիրում ենք Ռոմանագերմանական ֆակուլտետում սինխրոն թարգմանությունների լսարանը»,- հավելեց նա։
Հաշվետվության մեջ պարոն Մելքոնյանը խոսեց ֆակուլտետի ամեն ամբիոնի մասին առանձին-առանձին, շեշտեց իր գործընկերների ունեցած նվաճումներն ու ներդրումը ֆակուլտետի զարգացման գործում։ Նա շնորհակալություն հայտնեց նաև գործող ուսանողական կառույցներին՝ ուսխորհրդին և ուսումնական գիտական ընկերությանը, ֆակուլտետի գրանցած հաջողություններում իրենց ունեցած ներդրման համար։
Դեկանի հաշվետվությունից հետո ելույթ ունեցան Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանն ու Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։ Երկուսն էլ բարձր գնահատեցին դեկանի կատարած աշխատանքը։
Նիստը եզրափակեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիոնյանը, ով, Արևելագիտության ֆակուլտետի տված բարձր արդյունքը գնահատելուց բացի, խոսեց նաև ապագայի բազմաթիվ անելիքների մասին, որոնք թույլ կտան արդեն գրանցած հաջողությունները դարձնել պարբերական։
Մարինա Առաքելյան