- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 13, 2019 | 15:05
«ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Արևելագիտական ընթերցումներ» խորագրով 2-րդ գիտաժողովը։
Գիտաժողովի նպատակն է ֆակուլտետում իրականացվող գիտական հետազոտությունները ճանաչելի դարձնել, ուղղորդել երիտասարդ մասնագետներին և ծավալել գիտական քննարկումներ։ Բացի այս ամենից՝ գիտաժողովը նաև ֆակուլտետի տարեկան գիտական հաշվետվությունն է։
«Արևելագիտական ընթերցումներ» գիտաժողովին ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, որը շնորհավորեց մասնակիցներին երկրորդ անգամ նմանաբնույթ գիտաժողով կազմակերպելու առթիվ։
«Այն լավ առիթ է որոշակի գիտական հաշվետվություն ներկայացնելու, երիտասարդներին լսելու ու նրանց ուղղորդելու համար»,- ասաց նա։
Ռ․ Մելքոնյանը խոսեց նաև միջոցառման «բոլորին հայտնի գաղտնիքի» մասին՝ նշելով, որ գիտաժողովի անցկացման օրը պատահաբար չէ ընտրված և համընկնում է ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի ծննդյան տարեդարձի նախօրյակին. «Երկու տարի առաջ մենք որոշեցինք, որ ամեն տարի՝ դեկտեմբերի կեսին, պետք է անցկացնենք գիտաժողով, որը նաև նվիրված կլինի Գուրգեն Մելիքյանի ծննդյան տարեդարձին և նրա մեծարմանը։ Ես կարծում եմ, որ սա ամենամեծ նվերն է, որ մենք կարող ենք մատուցել մեր սիրելի պրոֆեսորին»։
Ֆակուլտետի դեկանը մասնակիցներին մաղթեց լավ և արդյունավետ աշխատանք ու վստահեցրեց, որ հետաքրքիր քննարկումներ են լինելու։ Նա նշեց, որ ելույթները, որոշակի գրախոսություն անցնելուց հետո, տպագրվելու են «Արևելագիտության հարցեր» հոդվածների ժողովածուի 16-րդ հատորում։
Գիտաժողովի սկզբում դեկանը ներկայացրեց «Արևելագիտության հարցերի» 15-րդ հատորը, որում տեղ են գտել ոչ միայն ֆակուլտետի դասախոսների, այլև օտարերկրյա մասնագետների հոդվածները։
Բացման խոսքից հետո ելույթ ունեցավ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի ղեկավարությանը գիտաժողովի կազմակերպման համար և կարևորեց նրա չընդհատվող պարբերականությունը։
Դավիթ Հովհաննիսյանի զեկուցման թեման կրում էր «Իսլամի վաղ շրջանի աղբյուրների իսկության խնդիրը ժամանակակից խոսույթում» խորագիրը։ Բանախոսն իր ելույթում պատմեց առկա 6230-6240 հանգատողերի (հայաթների) մասին՝ նշելով, որ դրանց ընդամենը 5 տոկոսից պակասն են պարունակում իրավական, բարոյական, սոցիալական, տնտեսական և այլ տիպի կարգավորիչ նորմեր։ Նա տեղեկացրեց, որ Ղուրանի տեքստում իսլամագետները նկատել են այդ նորմատիվ պակասավորությունը և հասկացել, որ դա պետք է լրացնել տարբեր միջոցներով՝ մեկնաբանություններով և հադիսներով՝ Մուհամմադ մարգարեի մասին պատմող կարճ փաստերով։
«Մուսուլմանները հավատում են, որ Ղուրանի տեքստը մեզ հասել է անփոփոխ, այսինքն՝ այնպես, ինչպես հաղորդվել է։ Սակայն իրականությունը բացարձակ այլ է։ Ստանդարտ Ղուրանի տեքստը ձևավորվել է 20-րդ դարում՝ 1924 թվին՝ հրատարակվելով Կահիրեիում։ Ասեմ, որ Ղուրանում Մուհամմադ մարգարեի մասին հիշատակումներն ընդամենը 4-ն են ու շատ աղոտ»,- փաստեց բանախոսը:
Այնուհետև զեկուցմամբ հանդես եկավ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։ Նա նույնպես շնորհավորեց բոլորին այս միջոցառման կապակցությամբ։
Նա իր ելույթում անդրադարձավ լեզվին՝ որպես ժողովրդի պատմության կարևորագույն աղբյուրի։ Ամբիոնի վարիչը նշեց, որ հաճախ ժողովրդի ծագման, աշխարհագրական տարածման, գոյություն ունեցող սոցիալական ինստիտուտների կամ հասարակարգի մասին չունենք պատմական տվյալներ և տեղեկություն ենք քաղում կոնկրետ ժողովրդի լեզվից. «Դրա վառ ապացույցը հնդեվրոպագիտության ձևավորումն է։ Մենք կարողացել ենք այս գիտության տվյալների հիման վրա վերակառուցել նույնիսկ հնդեվրոպացիների ընտանեկան համակարգը, մասնավորապես հնդիրանցիների դեպքում՝ նույնիսկ հացի թխման եղանակը»։
Վ․ Ոսկանյանի ելույթը նվիրված էր լեզգիական լեզուներում թալիշական մի փոխառությանն ու լեզվի հիման վրա պատմական տվյալների և աշխարհագրության վերհանմանը։
Գիտաժողովին ելույթներ ունեցան նաև Արաբագիտություն ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը։
Հ․ Քոչարյանը խոսեց Կարմիր ծովի ավազանում Սաուդյան Արաբիայի քաղաքականության մասին, իսկ Ա․ Սաֆարյանն անդրադարձավ թյուրքական լեզուների, բարբառների ու խոսվածքների դասակարգմանը։
«Հայ-թուրքական բարձրագույն միության» գործունեության մասին ելույթ ունեցավ ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Նա անդրադարձավ Թուրքիայում 1920-ականներին հանրային դիվանագիտության պարտադրված օրինակին։
Նշենք, որ «Արևելագիտական ընթերցումներ» խորագիրը կրող գիտաժողովին ելույթ ունեցավ 27 զեկուցող՝ արծարծելով արևելագիտությանն առնչվող տարաբնույթ թեմաներ ու խնդիրներ։
Մարինա Առաքելյան