- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԿԱՐԵՎՈՐՎԵՆ ՍՊԻՆԱՅԻՆ ՌԵԼԱՔՍԱՑԻԱՆ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՍ
Հոկտեմբեր 26, 2018 | 13:19
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԿԱՐԵՎՈՐՎԵՆ ՍՊԻՆԱՅԻՆ ՌԵԼԱՔՍԱՑԻԱՆ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՍ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի ներկայացրած «Ֆոնոններով միջնորդված սպինային ռելաքսացիայի փականային կառավարումը գրաֆենում՝ տակդիրով մակածված սպին‐ուղեծրային փոխազդեցության միջոցով» գիտական ծրագիրը:
Գիտական ծրագիրն իրականացնող խմբի ղեկավար, ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Վարդանյանը նշեց, որ այս ծրագիրն իրականացվում է ԵՊՀ չորս աշխատակիցների ուժերով, որոնց հետ համագործակցում է ՌԴ ԳԱ թղթակից անդամ, Նովոսիբիրսկի Ա. Ռժանովի անվան կիսահաղորդիչների ֆիզիկայի ինստիտուտի անհավասարակշիռ կիսահաղորդչային համակարգերի լաբորատորիայի ղեկավար Ա. Դվուրեչենսկին:
Ինչպես նշեց Արշակ Վարդանյանը, բացառիկ ֆիզիկական հատկությունների շնորհիվ միաշերտ և երկշերտ գրաֆենները խոստումնալից են հետսիլիցիումային փոխլրացնող մետաղ-օքսիդ-կիսահաղորդիչ տեխնոլոգիաների համար:
Գրաֆենը դարձել է նաև սպինային հենքով տրամաբանական սարքերի՝ սպինային ուղետարների համար ամենահարմար նյութը սենյակային ջերմաստիճանում՝ սպինային դիֆուզային մեծ երկարության և սպինային տրանսպորտի փականային կառավարման հնարավորության շնորհիվ:
Բացի դրանից՝ քվանտային համակարգիչների ստեղծման ճանապարհին մեծ է գրաֆենային նանոկառուցվածքներում սպինային վիճակները քվանտային հաշվարկներում որպես քվանտային բիթեր օգտագործելու հավանականությունը: Այս տեսանկյունից բուռն թափով զարգացող սպինտրոնիկայի կարևորագույն խնդիրներից մեկը գրաֆենային նանոկառուցվածքներում սպինային անցումների հսկումն է՝ սպին-ուղեծրային փոխազդեցության փականային կառավարմամբ: Գրաֆենը սովորաբար նստեցվում է բևեռային տակդիրների վրա, որոնք դրանում ուժեղ սպին-ուղեծրային փոխազդեցության մակածման պատճառ են դառնում, նաև հանգեցնում ֆոնոններով միջնորդված սպինային անցումների։
Գիտական ծրագիրն իրականացնող խմբի անդամ, դոցենտ Աննա Ասատրյանի կարծիքով, այդպիսի անցումների բնութագրական ժամանակների հաշվարկը՝ ֆիզիկական համակարգի իրատեսական մոդելների կիրառմամբ, հնարավորություն կտա բացահայտելու գրաֆենային նանոկառուցվածքներում սպինային վիճակների կոհերենտության մեծացման ճանապարհները՝ սպինային վիճակները որպես քվանտային բիթեր դիտարկելու առումով:
Խմբի անդամները նաև նշեցին, որ նախագծի գլխավոր նպատակն է իրականացնել սպինային ռելաքսացիայի վրա տակդիրի ազդեցության վերաբերյալ տեսական համակարգված հետազոտություններ. «Այն հնարավորություն կտա հաշվարկելու պարամետրերի օպտիմալ արժեքները սպինտրոնային սարքերի կոնկրետ կիրառություններում բևեռային տակդիրով գրաֆենն օգտագործելիս։ Միաժամանակ ակնկալվում է, որ ստացված արդյունքները կկարևորվեն սպինային տրանսպորտի վերաբերյալ տեսության և փորձերի միջև առկա անհամաձայնությունը վերացնելու տեսանկյունից»։
Նադեժդա Տեր-Աբրահամյան