- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ. «ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ ԱՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ»
Հունվար 18, 2019 | 12:52
Գիտություն
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ. «ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ ԱՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ»
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից անցկացված Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության ժամանակ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտահետազոտական խմբի կողմից ներկայացված հետազոտական ծրագիրն արժանացել է մրցանակի:
Նշենք, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) «PMI Science»-ի աջակցությամբ ԵՊՀ-ում դեկտեմբեր 28-ին անցկացրել է ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխություն համալսարաններում և հետազոտական ինստիտուտներում առկա հետազոտական թիմերին աջակցելու համար:
Խումբը մրցանակը ստացել է կիրառական ֆիզիկայի ոլորտում «Խիրալ ֆոտոնիկ հեղուկ բյուրեղների և մետանյութային հիմքով ֆոտոնիկ բյուրեղների վրա հիմնված ղեկավարվող օպտիկական սարքեր» հետազոտական նախագծի համար: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտահետազոտական խմբում ընդգրկված են երիտասարդ ասիստենտներ և գիտաշխատողներ: Խմբի ղեկավարն Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանն է:
Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության արդյունքում համալսարանները և հետազոտական ինստիտուտները ներկայացնող 7 գիտահետազոտական խմբերը ստացել են դրամական պարգևներ 7500 ԱՄՆ դոլարի չափով:
Ընտրված 7 գիտահետազոտական խմբերից 3-ը ներկայացնում են ԵՊՀ ռադիոֆիզիկայի, կենսաբանության և ֆիզիկայի ֆակուլտետները:
Խմբերի ընտրությունը կատարվել է տեղական և միջազգային փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից: Հայտերը գնահատվել են ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների և տեսական մասի համադրման մակարդակի, միջազգային հրապարակումների և հղումների առկայության:
Գիտահետազոտական խմբի ղեկավարի խոսքով, խմբի կողմից ներկայացված ծրագիրը նվիրված է ֆոտոնիկային. ֆոտոնիկան համանման է կիսահաղորդչային էլեկտրոնիկային, որն ազդանշաններ հաղորդելու նպատակով էլէկտրոնների փոխարեն օգտագործում է ֆոտոններ և զբաղվում է լուսային ազդանշանների այնպիսի ֆոտոնային տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք ունեն ինֆորմացիայի փոխանակման մեծ արագություններ և էներգիայի փոքր ծախսեր, և հետևաբար օժտված են մեծ արագագործությամբ, օպտիկական սարքերի չափսերը փոքրացնելու մեծ հնարավորություններով ու փոքր կորուստներով:
Աշոտ Գևորգյանը նշեց, որ նախագծի շրջանակում խումբը ծրագրում է կատարել տեսական և փորձարարական մի քանի հետազոտություններ. նախատեսվում է փորձնականորեն ուսումնասիրել գրադիենտական քայլով խոլեստերինային հեղուկ բյուրեղների շերտով լույսի ասիմետրիկ անցման առանձնահատկությունները, անշրջելի անցման հաճախային տիրույթը և հաճախային դիրքն արտաքին էլեկտրական ու ջերմային դաշտերով ղեկավարելու հնարավորությունները։
Խումբը մտադիր է նաև ուսումնասիրել արտաքին մագնիսական դաշտի օգնությամբ մագնիսական ֆոտոնիկ բյուրեղների գոտիական կառուցվածքի առանձնահատկությունները, նրա անշրջելիության առանձնահատկությունները։
Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչի խոսքով, այսօր անհրաժեշտ է, որ նմանօրինակ դրամաշնորհները շատ լինեն, սակայն այն գիտության առաջընթացին փրկություն չէ. «Պետք է գիտությամբ զբաղվող մասնագետների աշխատավարձը բարձրացնել և խրախուսել այն գիտնականներին, որոնք մեծ ներուժ և հնարավորություններ ունեն»:
Ըստ պրոֆեսորի՝ գիտության մեջ երիտասարդներին ներգրավելու համար այսօր անհրաժեշտ է նաև ֆակուլտետում ներդնել ժամանակակից մասնագիտացումներ: «Ֆակուլտետում արդեն իսկ մշակվում են նոր մասնագիտացումներ ներդնելու ծրագրերը: Հույս ունենք, որ նոր մասնագիտացումները կխթանեն, որ երիտասարդներն ընդունվեն մեր ֆակուլտետ»,- հավելեց նա:
Աշոտ Գևորգյանի խոսքով, Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները միշտ էլ մրցունակ են եղել աշխարհում, դրա համար ֆակուլտետն ամեն ինչ պետք է անի, որ ուսանողներն ուսումնական և գիտական դաշտում ավելի մրցունակ դառնան:
Նադեժդա Տեր-Աբրահամյան