- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2-ՐԴ ՀԱՄԱՐԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՒ ՀՈԴՎԱԾԱԳԻՐՆԵՐԻ ՀԵՏ
Դեկտեմբեր 24, 2019 | 15:10
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2-ՐԴ ՀԱՄԱՐԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՒ ՀՈԴՎԱԾԱԳԻՐՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականի 2-րդ համարի խմբագրական խորհրդի անդամների ու հոդվածագիրների հետ հանդիպում-քննարկումը:
Հանդիպում-քննարկմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ նախագահ Ավետիք Հարությունյանը, պարբերականի խմբագրական խորհրդի անդամներ և հոդվածագիրներ:
Քննարկումը սկսելուց առաջ Ավետիք Հարությունյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց հադիպմանը մասնակցելու համար:
«Արդեն ավանդույթ է դարձել, որ «Գիտական Արցախ» պարբերականի լույսընծայումից հետո ԵՊՀ-ում կազմակերպվում է հանդիպում-քննարկում՝ հոդվածագիրների և խմբագրական խորհրդի անդամների մասնակցությամբ»,- ասաց Ավետիք Հարությունյանը:
Նրա խոսքով, այս համարը շահեկանորեն տարբերվում է մյուսներից, քանի որ այն նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, բացի դրանից՝ ներկաներից շատերը մասնակցել են նաև Ստեփանակերտում կազմակերպված «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական գիտաժողովին, որը նույնպես նվիրված էր համալսարանի հիմնադրման 100-ամյակին:
«Մենք բոլոր հարթակներից հնչեցրել ենք, որ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի առաջին և ամենաակտիվ գործընկերը ԵՊՀ-ն է,- փաստեց Ավետիք Հարությունյանը,- այդ համագործակցության արդյունքն է նաև «Գիտական Արցախ» պարբերականը, որի հիմնադիրը ԵՊՀ-ն է, իսկ հրատարակիչը՝ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում»-ը»:
Ներկաներին ողջունեց նաև Լևոն Հովսեփյանը՝ նշելով, որ «Գիտական Արցախ» պարբերականի հրատարակությունը քննարկումների յուրօրինակ հարթակ է դառնում ԵՊՀ-ում, և յուրաքանչյուր համարի շնորհանդես ուղեկցվում է գիտական քննարկումներով, գաղափարների փոխանակմամբ, ինչը շատ կարևոր է գիտական միջավայրի ստեղծման համար:
«Առանձնահատուկ կարևոր է, որ պարբերականը միտված է Արցախում գիտական միջավայրի և բանավեճի ձևավորմանը,- շեշտեց Լևոն Հովսեփյանը,- և ես շատ ուրախ եմ, որ համալսարանականները ներգրավվում են այդ գործընթացում»:
Նա, շնորհակալություն հայտնելով ծավալած աշխատանքի, արդյունավետ համագործակցության համար, Ավետիք Հարությունյանին հանձնեց շնորհակալագիր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը՝ բարձր գնահատելով «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման» ու ԵՊՀ-ի գիտական համագործակցության արդյունավետությունը:
Այնուհետև «Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամները հանդես եկան առաջարկներով՝ պարբերականն ավելի կատարելագործելու և ճանաչելի դարձնելու համար:
Մասնավորապես հնչեցին առաջարկություններ հոդվածներն ավելի մասնագիտական դարձնելու, գիտական հոդվածներից ամենակիրառականներն ու արդիականները ռուսերեն և անգլերեն թարգմանելու վերաբերյալ և այլն:
Ավետիք Հարությունյանն այդ առաջարկություններն ընդունեց ի գիտություն և ասաց, որ ամեն ինչ կանեն՝ առաջարկություններն իրագործելու համար: