- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Դեկտեմբեր 17, 2019 | 14:51
Գիտություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկել է միջազգային հարաբերությունների արդիականություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ երկօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադիր, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանի 80-ամյակին:
Էդիկ Զոհրաբյանի գործուն մասնակցությամբ կազմավորվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնը, որի հենքի վրա էլ հետագայում հիմնադրվել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Առանձնապես մեծ է նրա ներդրումը Հայաստանի միջազգային հարաբերությունների հայ դիվանագիտության պատմության վերաբերյալ մի շարք դասընթացների ստեղծման և ծրագրերի մշակման գործում:
Մեզ հետ զրույցում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանն ասաց, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո անկախ Հայաստանում դիվանագիտական կադրերի պատրաստումն առաջնահերթություն էր. «Պրոֆեսոր Զոհրաբյանը մի քանի տարիների ընթացքում կարողացավ այնպես կազմակերպել գործընթացը, որ մենք ունեցանք ֆակուլտետ, որը, ժամանակի հետ համընթաց քայլելով, այսօր արդեն կայացած կառույց է և ունի անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ինստիտուտ դառնալու հայտ ներկայացնելու համար»:
«Միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալիս ֆակուլտետի բոլոր ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև ասպիրանտներ և հայցորդներ: Բացի դրանից՝ գիտաժողովին մասնակցում և զեկուցումներով հանդես են գալիս ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ:
Գեղամ Պետրոսյանն ասաց, որ սկզբում նախատեսվում էր գիտաժողովն անցկացնել մեկ օրում, սակայն մասնակցության հայտերը բավականին շատ են եղել, և ըստ այդմ՝ որոշվել է այն անցկացնել երկու օրում. «Զեկուցումների թեմաները շատ հետաքրքիր են: Դրանք ունեն ինչպես գիտական, այնպես էլ գործնական նշանակություն»:
Նրա խոսքով, գիտաժողովը, բացի արդիականություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ ծավալելու հարթակ լինելուց, հիանալի հնարավորություն է ասպիրանտների և հայցորդների համար՝ մասնագիտական լսարանի առաջ ներկայացնելու իրենց ատենախոսության որևէ դրույթ:
Ֆակուլտետի դեկանը փաստեց, որ լավագույն զեկուցումների հեղինակները կպարգևատրվեն հավաստագրերով. «Բացի դրանից՝ լավագույն աշխատանքները կտպագրվեն և հասանելի կդառնան մասնագետներին ու ոլորտի զարգացման հետևորդներին»:
Քնար Միսակյան