- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԵՎ ՄԱՂԹԱՆՔ. ԵՊՀ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀՆԳՅԱԿԸ
Դեկտեմբեր 27, 2018 | 17:04
Գիտություն
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԵՎ ՄԱՂԹԱՆՔ. ԵՊՀ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀՆԳՅԱԿԸ
ԵՊՀ աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգի համաձայն՝ գիտահետազոտական գործունեության համար հատկացված լրավճարների ցուցակի լավագույն հնգյակում են Ֆիզիկայի, Կենսաբանության, Իրավագիտության, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների դասախոսները:
Այսպիսով` առաջատար դիրքերում են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գ/հ լաբորատորիայի ավագ գիտաշխատող ֆիզմաթ գիտ. դոկտոր Մինաս Բալյանը, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Թռչունյանը, Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գ/հ լաբորատորիայի ավագ գիտաշխատող ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը, Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. դոկտոր Աննա Մարգարյանը, Փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը:
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մինաս Բալյանը կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների՝ մասնավորապես համակարգիչների ունեցած դերը գիտության զարգացման գործում:
2018 հրատարակած հինգ հոդվածները զարգացրել և խորացրել են Մինաս Բալյան գիտնականի վաստակը:
Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ասպարեզում զգալի արդյունքներ են գրանցվել Արմեն Թռչունյանի հետազոտությունների շնորհիվ. «Բակտերիաներում համապատասխան գեների արտահայտման, հիդրոգենազների ակտիվության և էներգիայի ձևափոխության մեխանիզմների փորձարարական ուսումնասիրման և համակարգչային վերլուծության արդյունքում բացահայտվել են «E. coli» և Արզնի ու Ջերմուկ հանքային աղբյուրներից մեկուսացված «R. sphaeroides» բակտերիաներում ածխածնի տարբեր աղբյուրների (գլյուկոզի, քսիլոզի, գլիցերինի, սաթաթթվի և խառն ածխածնի) խմորման ընթացքում տարբեր գործոնների, այդ թվում՝ pH-ի միջոցով մոլեկուլային ջրածնի արտադրության կարգավորման վերաբերյալ»:
Միաժամանակ, բացահայտվել է «E. coli»-ում լակտոզի խմորման առանձնահատկությունը և դրա ընթացքում ջրածնի անջատումը: «Պարզաբանվել է մրջնաթթվի դերը ջրածնի անջատման գործընթացում։ Օգտագործվել են գարեջրաեփման օրգանական թափոններ, կատարելագործվել են դրանց նախամշակման եղանակները, որոշվել են ջրածնի արտադրության տեխնոլոգիական պայմանների նպաստավոր արժեքները»,- ասաց Արմեն Թռչունյանը:
Վերոնշյալ նորարարություններից զատ՝ ուսումնասիրվել է քաղցկեղի փորձարարական մոդելում կենդանիներում արգինինի փոխանակության որոշ ֆերմենտների ակտիվության կարգավորման հնարավորությունը, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն։
«Այս արդյունքները հրատարակվել են ազդեցության գործոնով միջազգային հանդեսներում գիտական հոդվածների և մենագրություններում գլուխների ձևով, զեկուցվել են արտասահմանում»,- ամփոփեց Ա. Թռչունյանը:
Իսկ Աշոտ Գևորգյանը իր փոքր հաջողություններից մինչև մեծերը պայմանավորեց՝ ԵՊՀ-ում աշխատելով. «Իմ բախտը բերել է. համալսարանն իմ տունն է դարձել, իսկ մասնագիտությունը՝ սիրած զբաղմունքս»:
Գևորգյանի խոսքով, պետք է խրախուսել այն ուսանողներին, որոնք մեծ ներուժ և հնարավորություններ ունեն. «Լավ ուսանողներ շատ ունենք, որքան կարողանում խոսում եմ նրանց հետ, խորհուրդներ տալիս, որ մնան, շենացնեն գիտությունը, միայն վատն այն է, որ ֆինանսական աջակցություն չկա»,- նկատեց Ա. Գևորգյանը:
Խոսելով գրանցած հաջողության և հետագա ծրագրերի մասին՝ Աննա Մարգարյանը փաստեց, որ ցանկացած ասպարեզում հաջողությունը նկատելի է, եթե աշխատանքը սիրով ու հաճույքով է կատարվում. «Ես իմ կատարած աշխատանքից հաճույք եմ ստանում. իմ նվիրումն ու սերն աշխատանքիս անժխտելի են»:
Մարգարյանի համոզմամբ, յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի այն աշխատանքով, որը մարդուն հոգեպես հանգիստ է դարձնում, ուստի դիմելով ուսանողներին՝ ընդգծում է. «Կարևոր է չդավաճանել երազանքներին հասնելու ձգտմանը»:
Մարգարյանը աշխատանքային խաղաղ, բնականոն և հաջողակ կյանքը պայմանավորում է նաև առողջ միջավայրով. «Ես աշխատում եմ այնպիսի միջավայրում, որտեղ կա փոխադարձ հարգանք, փոխըմբռնում ու նվիրում»:
Սեյրան Զաքարյանը նույնպես կարծում է, որ աշխատանքային հաջողությունները պայմանավորված են աշխատանքը սիրելով և բարեխղճորեն կատարելով:
Մեկ տարվա ընթացքում Զաքարյանը հեղինակն է երկու մենագրությունների, տասնյակից ավելի հոդվածների. դրանք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև օտար երկրներում: «Փիլիսոփայությունը շաղկապում է անցյալը, ներկան ու ապագան. անհրաժեշտ է մշտապես ձեռքդ պահել զարկերակին ու քայլել ժամանակին համահունչ»,- նշեց ամբիոնի վարիչը:
Պրոֆեսորը հաջողության հասնելու ճանապարհին կարևորում է հետևողականությունն ու ինքնուրույնությունը. «Լինել ինքնուրույն, ստեղծարար և ամենակարևորն է հավատալ սեփական ուժերին»:
Անգին Խաչատրյան