- Գլխավոր
- Նորություններ
- «ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 11, 2019 | 16:01
Ուսանողական
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում:
Ներկաներին ողջունեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:
Վերջինս կարևորեց նմանաբնույթ սեմինար-քննարկումների դերը և հույս հայտնեց, որ մասնակիցների թիվն այսօրինակ քննարկումներին գնալով մեծանալու է:
Դասընթացը վարեց «BSC Business Support Center»-ի կառավարման խորհրդատու Նունե Վարոսյանը:
Ողջունելով ուսանողներին՝ նա ներկայացրեց իր երկարամյա փորձն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ-ից դուրս:
«Իմ աշխատանքային գործունեության ընթացքում ես մշտապես համատեղել եմ արևելյան և արևմտյան փորձերը. դրանք ավելի արդյունավետ են դարձրել աշխատանքս»,- նշեց Ն. Վարոսյանը:
Սեմինար-քննարկման հիմքում անհատի ներկայացման հմտություններն էին՝ արդյունավետ ներկայացման հիմնական կանոնները, լսարանի հետ կապի հաստատումը, ներկայացման հիմնական ուղերձը:
Ըստ Ն. Վարոսյանի՝ նախքան լսարանին ներկայանալը պետք է նախապատրաստվել, պլանավորել. «Նախապատրաստման համար նախ պետք է որոնել նպատակները, այնուհետև ուսումնասիրել լսարանը»:
Բանախոսի հավաստմամբ, ներկայանալի լինելու համար շատ կարևոր են լսարանի հետ հայացքով հաղորդակցումը և ձայնի արդյունավետ օգտագործումը:
Սեմինար-քննարկման ընթացքում բանախոսն անդրադարձավ նաև կուրսային, դիպլոմային աշխատանքները, ինքնակենսագրականը ճիշտ գրելու և ներկայացնելու, գործատուի հետ ճիշտ հաղորդակցվելու առանձնահատկություններին, լսարանում հնչած կարծիքների կենտրոնացմանը և այլն:
Կարևորելով ներկայացման համար առաջին տպավորությունը՝ Ն. Վարոսյանն ընդգծեց ինչպես խոսքի, այնպես էլ արտաքին տեսքի կարևորությունը:
«Հաղորդակցման երեք V-եր կան. առաջինը խոսքն է, երկրորդը՝ արտաքին տեսքը (հագուստ, ժպիտ), իսկ երրորդը՝ ձայնը: Շատ կարևոր է ոչ միայն ասվածի բովանդակությունը, այլև ձևը»,- նշեց բանախոսը:
Նա խորհուրդ տվեց լսարանին ներկայանալի լինելու համար մշտապես ունենալ նոր «խաղաքարտեր», ձայնային շեշտադրումներ, համապատասխան դադարներ օգտագործել, ինչը կկենտրոնացնի լսարանի ուշադրությունը:
Նշենք, որ սեմինար-քննարկումն ուղեկցվեց հետաքրքրաշարժ խաղերով, ինչպես նաև հարցուպատասխանով:
Անգին Խաչատրյան